Կիեւում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ուկրաինականը՝ Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվհեն Պերեբիյնիսը: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Նախօրեին՝ հունիսի 17-ին կայացած խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են առեւտրատնտեսական, իրավապայմանագրային եւ այլ ուղղություններով համագործակցության հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարության փոխանցմամբ կարծիքներ են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Նշվում է, որ ուկրաինական կողմը մանրամասն տեղեկացվել է Ադրբեջանի ագրեսիայի եւ ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության ջանքերի վերաբերյալ։
Սաֆարյանը ուկրաինական պատվիրակությանը տեղեկացրել է տարածաշրջանում կայունության եւ տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված` Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին, որի հիմքում ընկած են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, փոխադարձության եւ հավասարության սկզբունքները։