ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը Վաշինգտոնում հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին զգալի տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերելուն ուղղված Չինաստանի գործողությունները արեւմտյան դաշնակիցները չպետք է անհետեւանք թողնեն։
Ըստ Ստոլտենբերգի՝ վերջին երկու տարում Ռուսաստանի օգտագործած միկրոէլեկտրոնիկայի 90 տոկոսը չինական ծագում ունի։ Այն օգտագործվում է տարբեր զինատեսակների արտադրության համար։ Չինաստանը նաեւ համագործակցում է Ռուսաստանի հետ արբանյակային տեխնոլոգիաների զարգացման գործում, հավելել է Ստոլտենբերգը։
«Չինաստանը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սնուցում է Եվրոպայում ամենամեծ ռազմական հակամարտությունը՝ միեւնույն ժամանակ փորձելով լավ հարաբերություններ պահպանել Եվրոպայի հետ [․․․]։ Պեկինը չի կարող ունենալ եւ մեկը, եւ մյուսը։ Եթե ինչ որ պահի Չինաստանը չփոխի իր կուրսը, ապա դաշնակիցները պետք է նրան ստիպեն վճարել դրա համար»,-ասել է Ստոլտենբերգը։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նույնպես քննադատել էր Պեկինին։ Ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ չինական միկրոէլեկտրոնիկան «օգնել է աջակցել Ռուսաստանի փլուզվող ռազմաարդյունաբերական բազային»: ԱՄՆ-ն, ըստ Քիրբիի, այս հարցը բարձրացրել է Չինաստանի ներկայացուցիչների հետ քննարկումների ժամանակ։
Յանս Ստոլտենբերգը Վաշինգտոնում է՝ նախապատրաստվելու հուլիսին այդտեղ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կլինի հանդիպման գլխավոր թեման։ Թեեւ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չի ստանա, սակայն գագաթնաժողովը, ինչպես Ստոլտենբերգն է ասել, «կամուրջ կկառուցի» կազմակերպությանը Ուկրաինայի ապագա անդամակցության համար։