Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հունիսի 16-ին Թեհրանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաեւի հետ հանդիպմանը անդրադարձել է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներկայության հարցին։
X-ի իր էջում կատարած գրառման մեջ Քանին մասնավորապես նշում է․ «Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խոաեւի հետ հանդիպմանը Ես բացատրեցի Իրանի դիրքորոշումներն ու նկատառումները տարածաշրջանի վերաբերյալ՝ անդրադառնալով Կովկասում որոշ արտատարածաշրջանային դերակատարների ներկայության ապակայունացնող հետեւանքներին։ Կովկասում խաղաղությունը եւ կայունաությունը պահպանելու համար առավել մեծ համագործակցություն ու կորդինացում է անհրաժեշտ Իրանի, Ռուսաստանի եւ տարածաշրջանի այլ ղեկավարությունների միջեւ»։
Իրանական Mehr գործակալությունն էլ նշում է, որ Քանին Խովաեւի հետ հանդիպմանը տարածաշրջանը անվանել է երկու երկրների ազգային անվտանգության եւ շահերի ոլորտ՝ ընդգծելով Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ըստ շահերի համագործակցելու անհրաժեշտությունը։
«Կովկասյան տարածաշրջանում ընթացիկ իրադարձությունների կարեւորությունն ու զգայունությունը, հատկապես արտաքին ուժերի միջամտության աճի միտումը պահանջում է ռազմավարական համակարգում եւ մշտական խորհրդակցություններ Իրանի եւ Ռուսաստանի պաշտոնյաների միջեւ», — գործակալության փոխանցմամբ ասել է Բաղերի Քանին։
Նա նաեւ հանդիպմանը հավելել է, որ պետք է առավելագույնի հասցնել «3+3» տարածաշրջանային համագործակցության գաղափարը։
Խովաեւն էլ իր հերթին ընդգծել էր երկու երկրների իշխանությունների միջեւ սերտ եւ մշտական փոխգործակցության, համակարգման եւ արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ պայքարելու անհրաժեշտությունը։