Արեւմուտքը Հայաստանին դիտարկում է որպես Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի այլ երկրների դեմ հիբրիդային պատերազմի գործիքներից մեկը։ Նման գնահատականներ ռուսական «Комсомольская правда»-ի հետ հարցազրույցի ժամանակ հնչեցրել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Նպատակը պարզ է՝ օգտագործել հայկական «հարթակը» տարածաշրջանում լարվածության հերթական օջախ ստեղծելու համար»,-ասել է Գալուզինը։
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքերով ի հակադրություն Արեւմուտքի նման մոտեցմանը Մոսկվան «անկեղծորեն կարեւորում» է Հայաստանի հետ կապերը եւ փորձում է դրանք կառուցել «փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետության ձեւով»։
«Արեւմտյան մայրաքաղաքներում պատրաստ են հանգիստ «խաղադրույք կատարել» հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ նրա անվտանգության վրա։ Միացյալ Նահանգների, Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կոչ են անում Երեւանին խզել բոլոր կապերը Մոսկվայի հետ եւ ձգտում են դուրս գալ մեր ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներից»,-ասել է Գալուզինը։
Նրա խոսքերով Մոսկվայի համար տեսանելի է, որ Հայաստանին ակտիվորեն գրավում է եվրոպական հեռանկարը։
«Դժվար չէ կռահել, որ երկրին կհամոզեն հրաժարվել այն մեխանիզմներից, որոնք վերջին տարիներին ռեկորդային աճ են ապահովել իր տնտեսությանը»,-նշել է փոխարտգործնախարարը եւ հավելել, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումը կնշանակի հայկական բիզնեսի հիմնական շուկայի կորուստ։
Գալուզինի խոսքերով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը միայն 2023 թվականին հասել է 700 մլրդ ռուբլու, որը համարվում է պատմական մաքսիում։
«Ժամանակի ընթացքում Երեւանից կպահանջվի նաեւ դուրս գալ ԵԱՏՄ-ից, որտեղ հանրապետությունը հիմնական շահառուներից է։ Նախորդ տարի նրա արտաքին առեւտրաշրջանառության գրեթե 40 տոկոսը ստացվել է միության երկրներից։ Հայաստանը կկորցնի Միության ձեւավորվող միասնական էներգետիկ շուկային մասնակցելու հնարավորությունը»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերին Գալուզինը նշել է, որ Երեւանի հաճախ են հնչում «անհիմն» քննադատություններ, այդ թվում եւ ՌԴ-ի հասցեին։
«Երեւանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին համապատասխանում է հայ ժողովրդի ձգտումներին եւ ծառայում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման գործին։ Ինչ էլ որ լինեն արեւմտյան երկրների խոստումները, որոնք Հայաստանի իշխանություններին դրդել են «սառեցնել» մասնակցությունը Կազմակերպությանը, ՀԱՊԿ-ին որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի արդյունավետ այլընտրանքներ չկան»,-վստահեցրել է Գալուզինը եւ հավելել, որ մինչ ՀԱՊԿ-ի ներուժի կառուցման աշխատանքները համակարգված ընթանում են Երեւանը հետեւմ է մնում։
«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայումը եւ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի «թղթե հովանոցի» տակ արեւմտյան օրինաչափությամբ անցումը պարզապես անհնարին կդարձնի Ռուսաստանի հետ եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Նեշլով, որ Մոսկվան չի հրաժարվել իր դաշնակիցների հանդեպ ստանձնած պարտավորություններից նա հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը «բավականաչափ քաղաքական իմաստություն» կցուցաբերի եւ կկարեւորի Ռուսաստանի հետ հարաբերություններն ինքնիշխանության, անվտանգության եւ տնտեսական զարգացման տեսանկյունից։