Թուրքիայի հետախուզական ծառայությունները Ռուսաստանին նախազգուշացրել են «Crocus City Hall»-ի վրա հարձակումից հետո երկրորդ հավանական ահաբեկչության մասին։ Այս մասին գրում է թուրքական Hurriyet թերթը։
Նշվում է, որ ահաբեկիչները ծրագրել էին գրոհ կազմակերպել մարդաշատ առեւտրի կենտրոնի վրա։ Այս տեղեկությունը, ըստ Hurriyet-ի, ստացվել է «Իսլամական պետության» աֆղանական ենթաճյուղ համարվող «Վիլայաթ Խորասան» խմբավորման հինգ ձերբակալված կողմնակիցներից։ Նույն խմբավորումը ավելի ուշ ստանձնել էր նաեւ մարտի 22-ին «Crocus City Hall»-ի վրա հարձակման պատասխանատվությունը: Թերթը այլ մանրամասներ չի հրապարակում։
Hurriyet-ը նաեւ նշում է, որ թուրքական հետախուզական ծառայությունները, որոնք երկար ժամանակ հետեւել են «Վիլայաթ Խորասանի» գործունեությունը, 2024 թվականի հունվարին Ստամբուլի Սանտա Մարիա եկեղեցու վրա հարձակումից հետո մի շարք անձանց հարձաքննություն են իրականցրել եւ կապ հաստատել ռուսական կողմի հետ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Crocus City Hall»-ի վրա հարձակման գործով կալանավորված Տաջիկստանի երկու քաղաքացիները ահաբեկչությունից առաջ ուղեւորվել էին Թուրքիա։
Նշվում է, որ Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական իշխանությունները մի քանի գործողություններ են իրականացրել «Իսլամական պետության» կողմնակիցների դեմ՝ ձերբակալելով մոտ 200 մարդու։