Իրանի պետական IRIB հեռուստաալիքով տեղի է ունեցել նախագահի վեց թեկնածուների առաջին դեմ առ դեմ բանավեճը։
Դեբատներին մասնակցել են Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի բոլոր հավակնորդները. Իրանի խորհրդարանի (մեջլիսի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, հանրապետության Անվտանգության խորհրդում հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, Ներքին գործերի եւ արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամմադին, փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին եւ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշկիյանը։
Առաջին բանավեճերը հիմնականում կենտրոնացած են եղել տնտեսական հարցերի վրա: Թեկնածուներից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն է հայտնել պատժամիջոցների ճնշման դեմ պայքարի, գնաճի ու գործազրկության նվազեցման, տնտեսական աճի եւ աշխատավարձերի բարձրացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերի շուրջ։
Մի քանի թեկնածուներ նշել են, որ Իրանը պետք է ապավինի սեփական ուժերին՝ ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի կողմից երկրի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը հաղթահարելու համար։ Միեւնույն ժամանակ նախընտրական մրցավազքի մասնակիցներն արեւմտյան պատժամիջոցների հաղթահարումն անվանել են արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիր։
Բանավեճից հետո իրանական Entekhab պորտալն իր կայքում հարցում է տեղադրել, որտեղ Իսլամական Հանրապետության քաղաքացիներին առաջարկվել է գնահատել նախագահի յուրաքանչյուր թեկնածուի աշխատանքը։ Հարցմանը մասնակցել է 22,5 հազար մարդ։ Նրանց մեծամասնությունը նախընտրել է Ղալիբաֆի ու Փուրմոհամմադիի ելույթները։
Իրանի իշխանություններն ակնկալում են, որ առաջիկա ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կգերազանցի 50 տոկոսը։
2021 թվականին անցկացված նախագահական ընտրությունների ժամանակ մասնակցությունը կազմել է 48,48%, որն ամենացածրն է եղել իսլամական հանրապետության գոյության 45 տարիների ընթացքում։
Մայիսի 19-ին Իրանի հյուսիսային Արեւելյան Ադրբեջան նահանգում նախագահ Էբրահիմ Ռաիսիին, արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահյանին եւ նրանց ուղեկից այլ պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի կործանումից հետո երկրում արտահերթ նախագահական ընտրություններ նշանակվեցին։ Դրանք կանցկացվեն հունիսի 28-ին։