Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանը վարչապետը կարեւորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետեւողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը:
Վարչապետը նշել է, որ Վերմայի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ժողովրդավարության ամրապնդման եւ տնտեսական զորեղացմանը միտված ծրագրերի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մակարդակում հարաբերությունների ընդլայնմանը:
Ռիչարդ Վերման էլ իր հերթին շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ տեղական մարմինների եւ համայնքների միջեւ, ինչպես նաեւ տնտեսության, կրթության եւ այլ ոլորտներում:
Կողմերը քննարկել են նաեւ ընթացիկ տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, վերջերս Կառավարության կողմից հաստատված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման շուրջ:
Վերջինիս առնչությամբ վարչապետ Փաշինյանը կարեւորել է միջազգային գործընկերների աջակցությունը: