ԱՄՆ նախագահի օգնականի տեղակալ եւ էներգետիկ անվտանգության հարցերով պետդեպարտամենտի ավագ խորհրդական Ամոս Հոքսթինը ժամանել է Բեյրութ եւ բանակցություններ է վարել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի հետ։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ամերիկացի բանագնացը, ով միջնորդում է Լիբանանի եւ Իսրայելի միջեւ սահմանային խնդիրները կարգավորելու հարցով, կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու ռազմական լարվածությունը լիբանանա-իսրայելական սահմանին։
«Հարավային Լիբանանում հակամարտությունը Իսրայելի եւ [շիայական քաղաքական ու ռազմական կառույց] «Հեզբոլլահի» միջեւ բավականին երկար ձգձգվեց։ Իսկ ԱՄՆ դիվանագիտական ջանքերն այժմ ուղղված են կանխելու դրա ընդլայնումն ու լայնամաշտաբ պատերազմի վերածումը»,-նշել է Հոքսթինը։
Էմիսարը սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է անվանել։ Նրա խոսքով, «անհրաժեշտ է խուսափել հետագա էսկալացիայից եւ գտնել արդյունավետ լուծումներ, որոնք կնպաստեն տեղահանվածների իրենց տներ արագ վերադարձին»։
Ավելի վաղ Հոքսթինը հանդիպել էր լիբանանյան բանակի հրամանատար Ջոզեֆ Աունի հետ եւ նրա հետ քննարկել «հրադադարը երկարաձգելու եւ կողմերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւին վերադարձնելու պայմանները, որով դադարեցվել էր 2006 թվականի Լիբանանի հարավում հակամարտությունը Իսրայելի եւ «Հեզբոլլահի» միջեւ ընթացած հակամարտությունը»։
Ըստ Lebanon Debate լրատվական պորտալի՝ Թել Ավիվից Բեյրութ ժամանած ԱՄՆ էմիսարն առաջարկել է կողմերին, որպես իրավիճակի դեէսկալացիայի առաջին քայլ, սահմանափակել հրթիռային ու հրետանային հարվածների փոխանակումը սահմանամերձ շրջաններում 7-ից մինչեւ 8 կմ շառավղով։ Հոքսթինը նաեւ առաջարկել է Լիբանանի հարավում ստեղծել ապառազմականացված գոտի, որը կներառի «Հեզբոլլահի» ստորաբաժանումների հետ քաշում Լիտան գետից հյուսիս:
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավային շրջանների վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո Լիբանանի տարածքում գործող «Հեզբոլլահը» իր լիակատար աջակցությունն ու համակրանքը հայտնեց ՀԱՄԱՍ-ին։ Իսկ երբ Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի տարածքում անցավ պատասխան ցամաքային գործողությունների «Հեզբոլլահը» հրթիռների, հրետանու եւ ԱԹՍ-ների կիրառմամբ սկսելեց գնդակոծել Իսրայելի հյուսիսային շրջանները, որի արդյունքում տարհանվեցին սահամանյին շրջանների բնակիչները։ Ի պատասխան Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի խորքերում տեղակայված «Հեզբոլլահի» հենակետերին։
Լարվածությունը վերջին շրջանում գնալով էլ ավելի է մեծացել։ Իսրայելի կառավարության ներկայացուցիչներից հաճակ հնչում են լայնամաշտաբ պատերազմի անցնելու կոչեր։