Որ արեւի լույսն էլեկտրական էներգիայի կվերածվի եւ հասանելի կլինի բոլորին, շուրջ քառորդ դար առաջ Հայաստանում այնքան էլ հավանական չէին համարում:
Խաչիկ Սահակյանն այն եզակիներից էր, որը հավատալուց բացի, նաեւ զբաղվում էր արեւից էլեկտրաէներգիա ստանալու գործով, սակայն ինչպես ինքն է ասում՝ սիրողական մակարդակով:
Կանաչ տեխնոլոգիաներով զբաղվելու հոբբին լայն եւ ավելի մասշտաբային աշխատանք դարձնելու գործում 2015 թվականին Սահակյանին հավատում եւ աջակցության ձեռք են մեկնում Եվրամիությունը եւ Ավստրիական Զարգացման Գործակալությունը: Հետագայում նրանց միանում է Միացյալ Ազգերի Զարգացման գործակալության «գլոբալ էկոլոգիական ֆոնդի փոքր դրամաշնորհների ծրագիրը» եւ Գյումրիում հիմնվում է «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամը:
Գործունեության տասը տարին չլրացած՝ Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոնի գործունեությունից օգտվել են Հանրապետության գրեթե բոլոր մարզերում: Հիմնադրամը Հայաստանում ներդրել է վերականգնվող էներգետիկ ռեսուրսների եւ էներգաարդյունավետ տեխնոլոգիաների համակարգեր, ինչպես նաեւ մշակել է թե՛ պետական, թե՛ տեղական ոլորտային քաղաքականություն:
Հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանը շատ է կարեւորում իրենց ծավալած գործունեության հատկապես կրթական հատվածը, որի շնորհիվ արեւային տեխնոլոգիաները ոչ միայն բիզնեսի կվերածվեն, այլեւ երկրի համար ռազմավարական կարեւորագույն ճյուղ կդառնան:
Կանխատեսումներն իրականացել են. այսօր արդեն բավականին լայն տարածում է ստացել արեւից առավելագույն շահույթ ստանալու պրակտիկան: «Ցանկացած տեխնոլոգիայի արդյունավետությունը կարող ենք գնահատել, երբ դրանից սկսում է օգտվել բիզնեսը, իսկ այսօր, բոլորս ենք տեսնում, որ ամենափոքր սպասարկման սրահից մինչեւ խոշոր արտադրական ձեռնարկություններն օգտվում են վերականգնվող էներգիայից»,- ասում է Սահակյանը:
Ոլորտը զարգանում էր, արեւային համակարգերը շատանում, բայց մասնագետ-վարպետներ չկային, որ մոնտաժեին, հարկ եղած դեպքում էլ վերանորոգերին դրանք: Ճիշտ ժամանակն էր, որ տեխնիկական ուղղվածության ուսումնական հաստատություններում նոր մասնագիտություն ներդրվեր: Այդ նպատակով չորս տարի առաջ «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն» հիմնադրամը դիմում է ԿԳՄՍ նախարարությանը: Առաջարկն ընդունվում է, ժամանակի պահանջին համահունչ՝ «Վերականգնվող էներգետիկ կայանների մոնտաժում եւ սպասարկում» մասնագիտությունը՝ ներդրվում:
2020 թվականից մինչ օրս Հանրապետության մարզերի ինը միջին մասնագիտական հաստատություններ բազմաթիվ սաների ոչ միայն սովորեցնում, այլեւ աշխատանքի լայն հնարավորություններ են տալիս: Առաջիկայում եւս երկու քոլեջ կմիանա այս ցանկին:
Նոր մասնագիտությունն ընդունած հաստատություններից մեկի՝ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանն ասում է՝ նորարարական գաղափարն ընդունել, կյանքի են կոչել ու երբեք դրա համար չեն զղջացել: Այսօր արդեն սաները ոչ միայն մանսագիտություն, այլեւ աշխատանք ունեն:
«Մենք կարեւորում ենք որակյալ կրթությունը, բայց կրթությունն արժեք չէր ունենա, եթե շրջանավարտին չապահովեր կայուն եկամուտով: Սա հե՛նց այդ մասնագիտությունն է»:
Հիմնադրամի հաջորդ քայլը պետական չափորոշիչներին համապատասխան դասագիրք ստեղծելն էր: Անփոփոխ գործընկերների շնորհիվ այսօր արդեն ուսանողի սեղանին է «Արեւային էներգետիկ կայանների մոնտաժում եւ տեխնիկական սպասարկում» գիրքը, որը նաեւ հասանելի է էլեկտրոնային տարբերակով:
«Դասագիրքը նաեւ գիտահանրամատչելի է, ցանկացած մարդ կարող է վերցնել, կարդալ ու մասնագիտանալ»,- ասում է Խաչիկ Սահակյանն ու հպարտորեն փաստում, որ գրքի համբավը տարածվել է ամբողջ աշխարհում. նույնիսկ առաջարկ են ստացել, որ այն թարգմանվի եւ տեղայնացվի Մոլդովայում ու Վրաստանում:
Հիմնադրամի անդամները կանաչ էներգիայի բազմաթիվ դրական կողմերից եւս մեկն են առանձնացնում. վերականգնվող էներգիան բնապահպանական բազմաթիվ խնդիրներ է լուծում:
Ապացուցված է, որ արեւային կայանի արտադրած մեկ կվ/ժ էներգիայի հաշվարկով մթնոլորտ չի արտանետվում 0, 4 կգ ածխածնի երկօքսիդ, իսկ սա մեծ թիվ է Հայաստանի նման երկրի համար:
«Բացի այդ, հաշվարկել ենք, որ Լոռու մարզում յուրքանչյուր անտառամերձ գոտում ապրող ընտանիք, որն օգտվում է արեւին էներգիայից, տարեկան 4-5 ծառ չի հատում,- ասում է Սահակյանը եւ անդրադառնում Շիրակի մարզին,- այստեղ էլ խնդիրն այլ է. մեզ մոտ անտառներ չկան, փոխարենը մարդիկ որպես վառելիք օգտագործում են բրիկետավորված գոմաղբը, որի պատճառով հողը զրկում է էկոլոգիապես մաքուր պարարտանյութից»:
Հիմնադրամի նախագահը ահազանգում է. Հայաստանը կանգնած է էներգետիկ լուրջ անվտանգային խնդիրների առջեւ, մարտահրավերները բազմազան են, մտավախությունը, որ մի օր կզրկվենք գազից, դամոկլյան սրի պես կախված է յուրաքանչյուրիս գլխին:
Համեմատաբար անկախ լինելու համար մեզ անհրաժեշտ է վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից շատ օգտվել:
Աչք փակել մեր հզոր արեւի վրա եւ չօգտվել մեր էներգետիկ ներուժից, ողջամիտ չէ, հատկապես, որ ըստ արեւային էներգետիկ քարտեզի, Հայստանի հանդեպ արեւը շռայլ է: Մանրամասն պատկերացնելու համար միայն նշենք, որ մեր ամենացածր էներգաարդյունավետ Լոռու եւ Տավուշի մարզերը եվրոպական ամենաբարձր արդյունավետ տարածքներից 40 տոկոսով ավել ցուցանիշ ունեն:
Հիմնադրամը նպատակ ունի մոտ ապագայում նոր մասնագիտությունը՝ «Վերականգնվող էներգետիկ կայանների մոնտաժում եւ սպասարկում»-ը միջին մասնագիտական հաստատությունից տեղափոխելու բուհեր, որ մասնագիտացված ինժեներները ոչ միայն արեւային կայաններ վերանորոգեն, այլեւ նախագծեն:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։