Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր իսրայելական գործողությունների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 37,4 հազարի, իսկ վիրավորներինը՝ 85,5 հազարի։ Այսպիսի տվյալներ տելեգրամի պաշտոնական ալիքում հրապարակել է Գազայի առողջապահության նախարարությունը։
«2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում իսրայելական ագրեսիայի հետեւանքով զոհերի թիվը հասել է 37,372-ի, եւս 85,452 մարդ վիրավորվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Գազայի առողջապահության նախարարությունը նաեւ նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելցի զինվորականների գործողությունների արդյունքում 25 պաղեստինցի է զոհվել, եւս 80-ը վիրավորվել։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը՝ Ժնեւում բացված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 56-րդ նստաշրջանում ներկայացնելով իր ղեկավարած գերատեսչության գործունեության հաշվետվությունը հայտարարել է, որ մոտ 1 միլիոն պաղեստինցի կրկին բռնի տեղահանվել է Գազայի հատվածում, որը տեղի է ունեցել մայիսին Ռաֆահում իսրայելական բանակի գործողությունների ակտիվացումից հետո:
«Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ինտենսիվ հարձակողական գործողությունների արդյունքում զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 120 հազար մարդ, հիմնականում կանայք եւ երեխաներ: Երբ մայիսի սկզբին Իսրայելը ակտիվացրել է իր գործողությունները Ռաֆահում, մոտ մեկ միլիոն պաղեստինցի կրկին բռնի տեղահանվել է, իսկ օգնության մատակարարումն ու հասանելիությունը էլ ավելի վատթարացել»,-զեկույցում ասել է ՄԱԿ հանձնակատարը։
Նա նաեւ ընդգծել է, որ պաղեստինյան զինված խմբավորումները շարունակում են մեծ թվով պատանդներ պահել, որոշ դեպքերում՝ խիտ բնակեցված տարածքներում՝ ավելի մեծ վտանգի տակ դնելով նրանց եւ պաղեստինցի խաղաղ բնակիչներին։
«Պատանդները պետք է ազատ արձակվեն»,-հայտարարել է Թյուրքը։