Սահմանապահ Խնձորուտի դպրոցը արեւային կայանների արտադրած էներգիայով է ջեռուցվում։ Դասասենյակներն այնքան տաք են, որ երբեմն պատուհանները բացելու անհրաժեշտություն է լինում։ Սա Վայոց ձորի մարզի դպրոցների ցանկում ամենատաք հաստատություններից է՝ կրթօջախ պատահաբար այցելած ստուգողներն են արձանագրել։
Նախիջեւանի սահմանը պահող գյուղի դպրոցում առաջին արեւային կայանները երկու տարի առաջ են տեղադրվել՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ։ Դպրոցի տնօրեն Համլետ Օհանյանը գոհունակությամբ է խոսում կայանների մասին։ Ասում է՝ արդյունավետ են։
«Բավականին գումար է տնտեսվում, որը հետագայում կարող ենք այլ նպատակների ծառայեցնել»։
Եվս 15 կՎտ հզորությամբ կայան նախորդ ամռանն է տեղադրվել դպրոցում՝ այս անգամ «Սյունիք Զարգացում» հասարակական կազմակերպության ֆինանսավորմամբ։ Դեռեւս 7 կՎտ ավելացնելու հնարավորություն ունեն։
«Հույս ունենք՝ դա լրացնելու տարբերակ կգտնենք։ Խնայողությունն իսկապես մեծ է։ Էներգիան ամբողջ ամռան ընթացքում կուտակվել է։ Այս տարեվերջին, երբ երկրորդ անգամ տեղադրված կայանների արդյունքն էլ ամբողջությամբ տեսանելի լինի, հստակ թվերը կպատկերացնենք։ Բայց այժմ էլ էական է. այն ժամանակ տարեկան 1,8-2 միլիոն դրամ էինք վճարում էլեկտրականության համար։ Այժմ այդ թիվը 1-1,5 միլիոն դրամով կարող է նվազել»,- մանրամասնում է դպրոցի տնօրենը։
Որոշել են խնայած գումարով դպրոցի համար համակարգիչներ ձեռք բերել։ Համլետ Օհանյանը կարեւորում է նաեւ կայանների տեղադրումից հետո գյուղի բնակիչների հետաքրքրվածությունը։ Շատերն են մոտենում, հարցուփորձ անում՝ արժե՞ կայան տեղադրել, շահավե՞տ է։ Աշակերտներն էլ այդ տարիքից լավատեղյակ են՝ ինչ է արեւային էներգիան, ինչպես է հնարավոր այն օգտագործել եւ ինչ նպատակներով։ Սա նաեւ ֆինանսական գիտելիք է ձեւավորում։
Սահմանապահ գյուղում նաեւ այլ անձինք կան, որոնք իրենց անհատական կայաններն են տեղադրել եւ արտադրված էլեկտրաէներգիան վաճառում են։
Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում էլ թիվ 1 դպրոցն է արեւային էներգիան օգտագործում։ Նորակառույց շինության արեւային կայանները Տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով են տեղադրվել։
Դպրոցը 2023-ի սեպտեմբերից է շահագործման հանձնվել, եւ մի շարք խնդիրներ կան, որոնք հանձնումից հետո մեկ տարվա ընթացքում պետք է կարգավորվեն։
Հաստատության վարչատնտեսական մասի համակարգող Ռոման Առաքելյանը «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում նշում է, որ կայանները տեղադրողներն ընտրել են մատչելի տարբերակը՝ ծախսերի կրճատում են արել, դրա հետեւանքով էլ որակը գոհացուցիչ չէ։
«Կառույցի տանիքին 36 կՎտ հզորությամբ կայան է տեղադրված՝ վատորակ։ 88 կայանների մի մասը սխալ թեքությամբ է տեղադրված, մի մասի միացումներն են սխալ կատարվել՝ վթարված են։ Դրա պատճառով արդյունավետ չի աշխատում, չի ապահովում անգամ նվազագույն արտադրողականությունը»,- մանրամասնում է Առաքելյանը։
Հաշվարկն այնպես է արվել, որ արտադրված էլեկտրաէներգիան պետք է ամբողջությամբ ապահովեր դպրոցի կարիքները, մինչդեռ նախորդ ամռանից կուտակված էներգիան չի բավարել։ Դպրոցը նաեւ էլեկտրաէներգիայի գումար է վճարում ձմռանը՝ ամսական միջինը 200 հազար դրամ։
Դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողը խնդրահարույց է համարում նաեւ այն հանգամանքը, որ կայաններ ունեցող դպրոցում ջեռուցումը գազի միջոցով է կատարվում։ Այս ձմռան ընթացքում, երբ գազամատակարարման խնդիրներ են առաջացել, որոշել են հոսանքով ջեռուցել։ Շինության ամբողջ մոնտաժն արվել է ցածր դիմադրողականությամբ հոսանքալարերով, հետեւաբար ջեռուցման այդ տարբերակից օգտվել չեն կարողացել։ Առաքելայնն ասում է՝ այժմ, թե նույնիսկ կայանների խնդիրները կարգավորվեն, միեւնույնն է, չեն կարողանա էներգիան օգտագործել ջեռուցման նպատակով։
Հույս ունեն՝ մինչեւ այս տարվա սեպտեմբեր նշված բոլոր խնդիրները կլուծվեն, եւ դպրոցը կկարողանա ամբողջությամբ օգտվել կայանների արտադրողականությունից։ Այդ դեպքում նախատեսում են նաեւ ջերմատուն կառուցել, որի բերքը կօգտագործվի դպրոցի ճաշարանում։
Ռոման Առաքելյանը նաեւ աշխատել է կայանների տեղադրման ոլորտում։ Ասում է՝ շատ արդյունավետ են, եթե տեղադրողն ուշադիր լինի։ Շատերը մանրամասներին չեն տիրապետում, սխալ թեքությամբ են տեղադրում, հետեւաբար արդյունքը տեսանելի չէ։ Ինքն էլ սեփական տան տանիքին է օգտագործում կայանները։
«Ընդամենը 2 կՎտ հզորությամբ կայաններն ամբողջ տարվա էլեկտրաէերգիայի պահանջը բավարարում են՝ բացի ջեռուցումից։ Բոլորին խորհուրդ եմ տալիս օգտվել՝ միայն տներում կամ տարբեր հաստատություններում։ Որպես բիզնես, իմ կարծիքով, արդյունավետ չէ, քանի որ ներդրած գումարի վերադարձին տարիներ է պետք սպասել»։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: