Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայտնում է վարչախետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանը Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Նախագահ Էրդողանը ցավակցել է Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։
Հաղորդագրության համաձայն կողմներն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որեւէ նախապայմանի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Այդ համատեքստում Էրդողանն ու Փաշինյանը կարեւորել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականությունը եւ վերահաստատել են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Բացի այս Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը քննարկել են նաեւ տարածաշրջանի եւ միջազգային օրակարգի վերջին զարգացումները։