Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն։ Օդանավակայանում նրան դիմավորել է անձամբ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը։
Բանակցությունների մեկնարկի սկզբում Պուտինը վստահություն է հայտնել, որ դրանք լինելու են արդյունավետ։ Հաջորդիվ նա խոսել է երկու ժողովուրդների պատմական ու ավանադական կապերից եւ պատմել, որ Ռուսաստանը պայքարում է «ԱՄՆ-ի տասնամյակներով պարտադրված իմպերիալիստական քաղաքականության դեմ»։
ՌԴ նախագահը նաեւ հույս էր հայտնել, որ Կիմ Չեն Ընի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում։
Հյուսիսային Կորեան աշխարհի այն մի քանի երկրների շարքում է, որն ուղղակիորեն աջակցում է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժելու հարցում եւ ճանաչում է Ղրիմի անեքսիան։ Պուտինը Փհենյան է այցելում երկրորդ անգամ։ Նրա առաջին այցը տեղի էր ունեցել 2000 թվականին։
Ուղեւորությունից առաջ հրապարակվել է Պուտինի հոդվածը, որտեղ նա շնորհակալություն է հայտնում ԿԺԴՀ-ին՝ Ուկրաինա ներխուժմանը աջակցելու համար։ Հյուսիսային Կորեան ռուսական բանակին մատակարարում է հրետանային արկեր եւ, ենթադրաբար, հրթիռային համակարգեր։ Ի պատասխան, Մոսկվան էլ Փհենյանին օգնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով արգելված հրթիռային ծրագրի հարցում։
Բացի այդ, հաղորդվել է, որ Ռուսաստանը խախտում է ԿԺԴՀ-ի դեմ Անվտանգության խորհրդի այլ պատժամիջոցներ, որոնց ներդրմանն իր աջակցությունն է հայտնել ժամանակին։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերին հայտարարել էր, որ Մոսկվան մտադիր է հրաժարվել պատժամիջոցներից, քանի որ դրանք ընդունվել են «բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակում»։ Այս դիրքորոշումը Ռուսաստանին չի ազատում Անվտանգության խորհրդի պահանջների կատարումից։