Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ եւ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին ասվում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության տեքստում։
«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին եւ միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի: Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ»,-ասվում է ԱԳՆ հայտարարությա մեջ եւ Ադրբեջանին կոչ արվում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային:
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ յուրաքանչյուր առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը եւ նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ կլիմայական փոփոխություններին նվիրված COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա է ձեռնարկելու:
«Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաեւ այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երեւանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»,-եզրափակվում է հայտարարության տեքստը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հայտարարություն տարածելէ կապված է ֆրանսիական «Caesar» ինքնագնած հաուբիցի գնման հետ։
«Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը եւ Մակրոնի բռնապետությունը»,-հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն։