Ֆրանսիայի Հայաստանին զինելու քաղաքականությունը սպառնալիք է Կովկասում ձեռք բերված արդյունքների եւ խաղաղության համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
«Սա հարված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ֆրանսիական ռազմականացման քաղաքականությունը քայլ է, որը խթան կհանդիսանա Հայաստանում ռեւանշիստական ուժերի համար։ Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը լուրջ մտահոգությունների պատճառ է։ Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի։ Հայաստանը Հարավային Կովկասում օկուպացիա եւ ագրեսիա իրականացրած երկիր է։ Նման երկրին զինելը անընդունելի է»,-հայտարարել է Հաջիեւը։
Նախօրեին էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էր հայտարարության տեսքով մտահոգություն հայտնել Երեւանի կողմից ֆրանսիական «Caesar» ինքնագնած հաուբիցի գնման շուրջ։
«Հարավային Կովկասում պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը եւ Մակրոնի բռնապետությունը»,-ասվում էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Սրան ի պատասխան ՀՀ արտգործնախարարությունը հայտարարեց, որ ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է ժամանակակից եւ մարտունակ զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը։
Հայտարարության մեջ նաեւ նշվում էր, որ յուրաքանչյուր առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը եւ նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ կլիմայական փոփոխություններին նվիրված COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա է ձեռնարկելու: