Ռուսաստանի Դաշնությունը եւ Կորեյաի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը կնքել են Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր։ Փաստաթուղթը Ռուսաստանի կողմից ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ԿԺԴՀ կողմից՝ Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը։
Ինչպես ավելի վաղ բացատրել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նոր փաստաթուղթը կփոխարինի 1961 թվականի Բարեկամության եւ փոխօգնության պայմանագրին, 2000 թվականի Բարեկամության եւ բարիդրացիության համագործակցության պայմանագրին եւ 2000 եւ 2001 թվականների Մոսկվայի եւ Փհենյանի հռչակագրերին:
Ըստ ՌԴ նախագահի օգնականի, նոր փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է աշխարհում եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի խորը էվոլյուցիայից, ինչպես նաեւ որակական փոփոխություններով, որոնք վերջերս տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնության եւ ԿԺԴՀ-ի երկկողմ հարաբերություններում:
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ նոր փաստաթուղթը կհամապատասխանի միջազգային իրավունքի բոլոր հիմնարար սկզբունքներին, չի կրի առճակատման բնույթ եւ ուղղված չի լինի որեւէ երկրի դեմ, այլ ուղղված կլինի հյուսիսարեւելյան Ասիայի տարածաշրջանում ավելի մեծ կայունության ապահովմանը։
Պուտինն էլ բանակցություններից հետո հայտարարել էր, որ ստորագրված համաձայնագիրը նախատեսում է նաեւ փոխօգնության տրամադրում այն ստորագրող կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում։
«Այսօր ստորագրված համապարփակ գործընկերության համաձայնագիրը նախատեսում է նաեւ փոխադարձ օգնության տրամադրում այս համաձայնագրի կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում»,-ասել է Պուտինը։
Այսօր ՌԴ նախագահը իր կառավարման ընթացքում երկրորդ անգամ պետական այցով ժամանել է ԿԺԴՀ, որտեղ նրան օդանավակայանում անձամբ դիմավորել է առաջնորդ Կիմ Չեն Ընը։