Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրական խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության եւ Անկախության հռչակագրի մեջ ներկայացված տարածքային պահանջների դադարեցումն է։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության տեքստում։
«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրական եւ տեւական խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական եւ քաղաքական փաստաթղթերում եւ առաջին հերթին Հայաստանի Սահմանադրության մեջ, որը բացահայտորեն հղում է կատարում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միավորման կոչ անող Հայաստանի Անկախության հռչակագրին»,-ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Հաջիզադեի Հայաստանի ԱԳՆ-ն փորձում է անտեսել նշյալ հարցը եւ պահել որպես «պահուստային տարբերակ ապագայում Ադրբեջանի դեմ նոր ագրեսիա իրականացնելու համար»։
«Հայկական կողմը ոչ թե խոսքով, այլ գործով պետք է կատարի միջազգային պարտավորությունները եւ նպաստի խաղաղ գործընթացին»,-ասվում է հայտարարության մեջ։