ՆԱՏՕ-ն մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է օգնել Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագրերի զարգացմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Փհենյան այցից հետո։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ Օտտավայում կայացած հանդիպումից առաջ։
Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի «Ռուսաստանը կարող է հեռանալ ԿԺԴՀ-ի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներին աջակցելուց»։
«Այն փաստը, որ նրանք ստորագրել են փոխադարձ պաշտպանության համաձայնագիր, ցույց է տալիս, թե որքանով են նրանք միմյանց աջակցում»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի՝ Հյուսիսային Կորեա կատարած այցի մասին հարցին եւ հավելել․ «Մենք հատկապես մտահոգված ենք, որ Ռուսաստանը այժմ կարող է նպաստել ԿԺԴՀ-ի միջուկային եւ հրթիռային ծրագրերի զարգացմանը»։
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նաեւ պնդել է, որ ԿԺԴՀ-ն «հսկայական ռազմական օգնություն» է տրամադրել Ռուսաստանին, որն օգտագործվել է Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում։
Reuters-ի փոխանցմամբ Ստոլտենբերգը նաեւ նշել է, որ Պուտինի այցի ընթացաում Ռուսաստանի Դաշնության եւ ԿԺԴՀ-ի միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը ցույց է տալիս այդ երկրների ավելի մեծ միասնությունը եւ ընդգծում Արեւմուտքի միասնության կարեւորությունը։