Ռուսաստանի Դաշնությունը եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը պայմանավորվել են օգնել միմյանց՝ այլ երկրների սահմանած պատժամիջոցները շրջանցելու հարցում։ Այս մասին նշվում է Փհենյանում Վլադիմիր Պուտինի եւ Կիմ Չեն Ընի ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի տեքստում։ Այն ամբողջությամբ ներկայացրել է «Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը»։ Պայմանագրում խոսվում է նաեւ ուղղակի ռազմական օգնության մասին, որը երկրները պետք է տրամադրեն միմյանց։
Տեքստում նշվում է, որ եթե Մոսկվայի կամ Փհենյանի դեմ պատժամիջոցներ կիրառվեն, ապա «կողմերը պետք է գործնական ջանքեր գործադրեն՝ նվազեցնելու ռիսկերը, վերացնելու կամ նվազագույնի հասցնելու նման միջոցների ուղղակի եւ անուղղակի ազդեցությունը փոխադարձ տնտեսական կապերի, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ նրանց ունեցվածքի վրա»:
Պայմանագրում նաեւ նշվում է, որկողմերը պարտավորվում են քայլեր ձեռնարկել՝ սահմանափակելու այնպիսի տեղեկատվության տարածումը, որը կարող է օգտագործվել երրորդ երկրների կողմից՝ սահմանափակող միջոցներ կիրառելու եւ ուժեղացնելու համար:
Առավել ուշագրավ է նույն պայամանգրի տեքստի չորրորդ կետը, որտեղ կողմերը պարտավորվում են միմյանց ուղիղ ռազմական աջակցություն տրամադրել։
«Եթե Կողմերից մեկը ենթարկվի զինված հարձակման որեւէ պետության կամ մի քանի պետությունների կողմից եւ այդպիսով հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս Կողմն անհապաղ ռազմական եւ այլ օգնություն պետք է տրամադրի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին եւ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան»,-ասվում է պայմանագրի հոդվածում։
Հարավկորեական Yonhap գործակալությունը նշում է, որ վերոգրյալ հոդվածը գրեթե ամբողջությամբ կրկնում է 1961 թվականին ԽՍՀՄ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Նիկիտա Խրուշչովի եւ Կիմ Իր Սենի ստորագրած Բարեկամության եւ փոխօգնության պայմանագրի 1-ին հոդվածը։
Ինչպես նշում է լրատվականը հոդվածները տարբերվում են միայն նրանով, որ պայմանագրի գործող տարբերակում նշվում է ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ հղում է կատարվում Ռուսաստանի Դաշնության եւ ԿԺԴՀ օրենսդրությանը:
1996 թվականին Ռուսաստանը եւ ԿԺԴՀ-ն նոտաներ փոխանակեցին, որոնցում նշվում էր, որ 1961 թվականի պայմանագիրը «կորցրել է իր նշանակությունը» եւ «գործնականում չի իրականացվում»:
2000 թվականին Մոսկվան եւ Փհենյանը ստորագրեցին Բարեկամության, բարիդրացիության եւ համագործակցության պայմանագիրը։ Համաձայնագրի 2-րդ հոդվածում ասվում էր, որ կողմերից մեկի դեմ ագրեսիայի վտանգի կամ խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող իրավիճակի դեպքում կողմերը «անհապաղ կապի կհաստատեն միմյանց հետ»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով հունիսի 19-ին նոր պայմանագրի ստորագրումը, ասել է, որ ռազմական օգնության մասին չորրորդ հոդվածի դեմ կարող են առարկել միայն նրանք, ովքեր ագրեսիա են ծրագրում Ռուսաստանի Դաշնության կամ ԿԺԴՀ-ի դեմ։ «Այսպիսով, սա բացառապես պաշտպանական դիրքորոշում է»,- ասել է արտգործնախարարը։