Եվրոպական հանձնաժողովը անհատույց 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայության համար։
Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է «Պետության եւ դիմակայունության ամրապնդման պայմանագիր Հայաստանի Հանրապետության համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ ծրագրի նպատակը Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունությանը՝ մասնավորապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաեւ նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը նպաստելն է։
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում՝ աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների ու կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց ու խոցելի խմբերին, ինչպես նաեւ հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնմանը»,-ասել է ՀՀ փոխվարչապետը։
Նա նաեւ նշել է, որ հաստատվել է ԵՄ-ից Հայաստանին եւս երեք միլիոն եվրո հատկացում նախատեսող մեկ այլ համաձայնագիր, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը առավել լայն բարեփոխումների գործընթացում: