Ռուսաստանն ու Վիետնամը պայմնավորվել են չմիանալ այնպիսի դաշինքներին որոնք կգործեն միմյանց դեմ ՝ ասվում է Կրեմլի կայքում հրապարակված գործընկերության խորացման մասին համատեղ հայտարարության մեջ։
«Ռուսաստանը եւ Վիետնամը դաշինքներ կամ համաձայնագրեր չեն կնքում երրորդ երկրների հետ անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ միմյանց հիմնարար շահերին վնասող գործողություններ իրականացնելու նպատակով։ Ռուս-վիետնամական հարաբերությունների զարգացումն ուղղված չէ որեւէ երրորդ կողմի դեմ»,-ասվում է հայտարարության տեքստում։
Փաստաթուղթը հրապարակվել է Հանոյում Ռուսաստանի եւ Վիետնամի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թո Լամի բանակցություններից հետո։
Համատեղ հայտարարությունը պարունակում է նաեւ հետեւյալ դրույթները.
- երկկողմ կապերը չեն ենթարկվում աշխարհաքաղաքական հանգամանքների եւ ուղղված են խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդմանը,
- Մոսկվան եւ Հանոյը ունեն սերտ կամ համընկնող դիրքորոշումներ բազմաթիվ միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ,
- կողմերը աջակցում են նավթի եւ գազի արդյունաբերության, էներգետիկայի, արդյունաբերության եւ թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմանը,
- Ռուսաստանի եւ Վիետնամի փոխգործակցությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում հատուկ տեղ է գրավում, այն ուղղված չէ երրորդ երկրների դեմ,
- անհրաժեշտ է մեծացնել ներդրումային համագործակցությունը, այդ թվում՝ օգտակար հանածոների ոլորտում,
- որոշվել է արագացնել Վիետնամում միջուկային գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագծի իրականացումը,
- Մոսկվան եւ Հանոյը կշարունակեն զարգացնել համագործակցությունը միջազգային ահաբեկչության եւ դրա ֆինանսավորման դեմ պայքարում։
Վիետնամի նախագահ Թո Լամը բանակցություններից հետո հայտարարել է, որ դրանք ունեցել են հաջող ընթացք, եւ Պուտինի հետ մտքեր են փոխանակել համագործակցության բազմաթիվ ոլորտների, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շուրջ։
Խոսելով համաշխարհային օրակարգի մասին՝ Վիետնամի նախագահն ընդգծել է, որ Հանոյը հանդես է գալիս Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հավասար եւ անբաժանելի անվտանգության ճարտարապետության օգտին, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա եւ Մոսկվային դիտարկում է որպես իր առաջնային գործընկերներից մեկին։
ՌԴ նախագահն էլ կարեւորել է բանակցությունների արդյունքում ազգային արժույթներով հաշվարկների անցնելու շուրջ ձեռք բերած պայմանավորվածությունը։