Ռուսաստանի իշխանությունները Ուկրաինայի օկուպացված տարածքներում տարածում են «կրեմլյան» քարոզչությունը՝ բնակչության շրջանու փորձելով արմատախիլ անել ուկրաիներենը եւ հետապնդել համագործակցությունից հրաժարվող ուսուցիչներին։ Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության «Կրթությունը օկուպացիայի ներքո» վերնագրով զեկույցում, որը նվիրված է Ուկրաինայի անեքսիայի ենթարկած շրջաններում դպրոցական կրթական համակարգի բռնի ռուսականացմանը։
Հետազոտությունը հիմնված է Խարկովի մարզի 42 ուսուցիչների եւ դպրոցների անձնակազմի հետ հարցազրույցների վրա, ովքեր 2022 թվականին վերապրել են ռուսական օկուպացիան: Իրավապաշտպանները զրուցել են նաեւ այն ուսուցիչների հետ, ովքեր բռնի տեղահանվել կամ փախել են Խերսոնի, Զապորոժիեի, Դոնեցկի եւ Լուգանսկի շրջանների օկուպացված տարածքներից։
Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ այժմ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում մոտ մեկ միլիոն դպրոցական կա, նրանցից ավելի քան 62 հազարը շարունակում են հեռավար ուսուցումը ուկրաինական ծրագրի համաձայն։ Մնացած երեխաներին օկուպացիոն իշխանությունները հարակադրում են հետեւել ռուսական դպրոցական ծրագրին՝ խստորեն սահմանափակելով ուկրաիներենով ուսուցումը եւ օգտագործելով պատմության դասագրքեր, որոնք արդարացնում են ռուսական ներխուժումը եւ Ուկրաինան ներկայացնում որպես «նեոնացիստական պետություն»: Երեխաները նաեւ հարկադրված են անցնել նախնական ռազմական պատրաստություն։
Ուկրաինացի ուսուցիչները, ովքեր հրաժարվում են համագործակցել օկուպացիոն իշխանությունների հետ, ենթարկվում են սպառնալիքների, բանտարկության եւ խոշտանգումների, ասվում է HRW զեկույցում։ Հեղինակները որպես օրինակ են բերում Խարկովի մարզի Բորովսկոե գյուղի դպրոցի տնօրենի դեպքը, ով մեկ շաբաթ կալանքի տակ է պահվել եւ խոշտանգումների ենթարկվել՝ աշակերտների անձնական գործերը եւ դպրոցական այլ փաստաթղթեր օկուպացիոն իշխանություններին հանձնելուց հրաժարվելու համար։
Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները պատժել են նաեւ նրանց, ովքեր շարունակում են սովորել կամ դասավանդել ուկրաինական ուսումնական պլանի համաձայն, ինչպես նաեւ սպառնացել են աշակերտների ծնողներին տուգանքներով եւ իրավունքներից կամ ազատությունից զրկելով՝ իրենց երեխաներին ռուսամետ դպրոցներ տեղափոխելուց դժգոհելու համար։
Ռուսաստանի իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային հակամարտությունների մասին օրենքի պահանջները, որն արգելում է օկուպացիոն տերությանը փոխել օկուպացված տարածքում գործող օրենքները, այդ թվում՝ կրթության ոլորտում, եզրակացնում են իրավապաշտպանները։
«Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում կրթական համակարգում փոփոխություններ մտցնելը խախտում է նաեւ մարդու իրավունքների այլ միջազգային չափանիշներ, այդ թվում՝ պատերազմի քարոզչության արգելքը, երեխայի մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը եւ ծնողների՝ սեփական երեխաների կրթության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունքը»,-ասվում է զեկույցում։
Հեղինակները ուկրաինական իշխանություններին էլ կոչ են անում օկուպացված տարածքներում գտնվող ուսուցիչներին չմեղադրել «կոլոբրացիոն գործունեության մեջ», որոնք երեխաներին դասավանդում են ռուսական ուսումնական պլանի համաձայն եւ նրանց նկատմամբ սահմանափակումներ չկիրառել: Որոշ ուսուցիչներ հարկադրված են աշխատել օկուպացիայի ներքո՝ գոյության պահպանման համար, բացատրում է HRW-ն։