Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վիլնյուսում լիտվացի գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է առաջիկա ամսում ավարտել Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի նախագիծը։
«Կարեւոր է նաեւ ավարտին հասցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը։ Մենք ադրբեջանական կողմին հղել ենք շատ կառուցողական առաջարկներ, եւ պատրաստ ենք վերջնականացնել եւ եզրափակել պայմանագիրն առաջիկա ամսվա ընթացքում, ինչպես մենք արդեն առաջարկել ենք»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նա նաեւ շեշտել է, որ Հայաստանն այս հարցի շուրջ Ադրբեջանի կողմից որեւէ արձագանք դեռ չի ստացել։
«Բացի այն, որ Բաքուն դեռ չի արձագանքել, նաեւ նոր պահանջներ է առաջադրում, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության եւ տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկության առումով»,-նշել է Միրզոյանը: