Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ով մասնակցում է կազմակեպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
«Հայաստանը եղել եւ մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, եւ Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Իսկ կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն ու որոշումն է»,-ասել է Տասմագամբետովը։
Տասմագամբետովը նաեւ հույս է հայտնել, որ Երեւանը դեռ կհստակեցնի ՀԱՊԿ-ին իր անդամակցության հարցի հետ կապված «իրավիճակը» եւ պաշտոնական որոշում կկայացնի «կազմակերպության մաս լինել կամ չլինելու» վերաբերյալ։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի հետ լաված իրավիճակի ֆոնին «հաջորդ տրամաբանական քայլը» կազմակերպությունից դուրս գալը կլինի։
Երեւանը բողոքում է 2021 եւ 2022 թվականներին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումը պատշաճ կերպով չգնահատելու եւ գործնական պաշտպանական քայլ չձեռնարկելու համար՝ ՀԱՊԿ-ին մեղադրելով Հայաստանի տարածքում իր հստակ պատասխանատվության գոտին չֆիքսելու մեջ։