Բելառուսական ընդդիմության առաջնորդ եւ նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան X-ի էջում կատարած գրառման մեջ անդրադարձ է կատարել նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը եւ նշել, որ շնորհակալություն է հայտնել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի «ռեժիմի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար»:
«Մեծ պատիվ է Վիլնյուսում հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար եւ հույս հայտնեցի Հայաստանի եւ մեր ժողովրդավարական ուժերի միջեւ սերտ համագործակցության շարունակականության համար։
Հայաստանի եւ Բելառուսի ժողովուրդներն արժանի են ազատ, ժողովրդավարական եւ եվրոպական ապագայի»,-գրել է Տիխանովսկայան։
Միրզոյանի եւ Տիխանովսկայաի հանդիպման մասին նախօրեին հայտնել էր ՀՀ ԱԳ նախարարությունը՝ առանց հավելյալ մանրամասներ նշելու։
Հանդիպումը տեղի էր ունեցել Հայաստանի եւ Բելառուսի միջեւ վերջին շրջանում առաջացած լարվածության ֆոնին։
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ ոչ ինքը, ոչ էլ հայկական որեւէ պաշտոնական ներկայացուցչություն այլեւս Բելառուս չեն մեկնի, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Վարչապետն իր նման որոշումը կապել էր մայիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի Բաքու կատարած այցի ժամանակ արած այն խոստովանության հետ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ մինչ 2020-ի 44-օրյա պատերազմը ունեցած զրույցի ժամանակ եկել էին ընդհանուր եզրակացության, որ հակամարտությունը կարելի է լուծել ռազմական ճանապարհով։
Փաշինյանը իր ելույթում ընդգծել էր, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը մասնակցել է, «44-օրյա պատերազմը նախապատրաստելուն, քաջալերել, հավատացել է ու ցանկացել է, որ Ադրբեջանի հաղթանակը»։
Վարչապետի հայտարարություններին հաջորդել էր Բելառուսում Հայաստանի դեպսանին խորհրդակցությունների նպատակով հետ կանչելու մասին ՀՀ ԱԳ նախարարության հաղորդագրությունը։
Ավելի ուշ Երեւանից իր դեսպանին հետ կանչելու մասին հայտարարեց նաեւ Բելառուսը։