Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույնպես ողջունում է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչումը՝ այն համարելով եւս մեկ կարեւոր քայլ ինքնիշխան պետականության ստեղծման ճանապարհին։
«Իսլամական Դիմադրության Շարժումը (ՀԱՄԱՍ) ողջունում է Պաղեստին Պետությունը պաշտոնապես ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության հայտարարությունը։ Մենք դա համարում ենք լրացուցիչ եւ կարեւոր քայլ մեր ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչման եւ նրա հողի նացիստական-սիոնիստական օկուպացմանը վերջ տալու եւ Երուսաղեմ մայրաքաղաքով իրենց անկախ, լիովին ինքնիշխան պետության ստեղծման ձգտումների ճանապարհին»,-ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության տեքստում։
Շարժումը մյուս երկրներին եւս կոչ է անում ճանաչել Պաղեստինը, աջակցել «օկուպացիայի դեմ պայքարին» եւ մեկուսացնել «պաղեստիցի ժողովրդի դեմ ցեղասպանություն իրագործող» Իսրայելին։
Հիշեցնենք, որ Պաղեստինը պետություն ճանաչելու մասին հայտարարությամբ այսօր հանդես է եկել Հայաստանի արտգործնախարարությունը։
Երեւանի այս քայլին ի պատասխան Իսրայելի արտգործնախարարությունը հայտնեց Թել Ավիվում Հայաստանի դեսպանին բողոքի նոտա հղելու մասին։
Ավելի վաղ Երեւանի նման քայլը ողջունել էին նաեւ Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը եւ Պաղեստինի ազգային վարչակազմը։