2024 թվականին լրանում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման 10 տարին։ Այս ընթացքում քաղաքացիները գումարներ են կուտակել կենսաթոշակային ֆոնդերում։ 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ առկա է ավելի քան 882 մլրդ դրամ։
Կուտակային կենսաթոշակների մասին օրենքն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին, սակայն պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթները ուժի մեջ մտան 2014 թվականի հունվարի 1-ից:
2018 թվականի հուլիսի մեկից պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված` վարձու աշխատողները եւ հանրային ծառայողները՝ բացառությամբ զինվորականների եւ նրանց հավասարեցված անձանց, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, 1974 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված այն օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ:
Ամսական անհրաժեշտ է կուտակել 10%, որից 5%-ը հատկացվում է կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի աշխատավարձից, իսկ մնացած 5%-ը վճարում է պետությունը: Այդ գումարները փոխանցվում են կենսաթոշակային ֆոնդեր, որոնք մեր երկրում կառավարում են ֆոնդերի երկու կառավարիչները՝ «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն եւ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է երեքական ֆոնդ՝ կայուն եկամտային (FIX), պահպանողական (կոնսերվատիվ) (CON) եւ հավասարակշռված (BAL):
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը» հիմնադրել են ֆրանսիական «Ամունդի» բաժնետիրական ընկերությունը եւ «Ակբա» բանկը: Ավելի քան 2 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով Ամունդին Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է:
«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն ավստրիական «ՑԵ-Կվադրատ» ներդրումային ընկերության եւ Գերմանիայի ամենախոշոր եւ անկախ ակտիվների կառավարչի` «Տալանքս ասեթ մենեջմենթ» ընկերության համատեղ ընկերությունն է:
Այս ընկերությունների վարձատրությունը գանձվում է հենց ֆոնդերից։ Կառավարիչները քաղաքացիների կուտակած դրամական միջոցներով ներդրումներ են կատարում տարբեր ֆոնդերում, որտեղ առկա են նաեւ այնպիսի հայտնի ընկերությունների արժեթղթեր, ինչպիսիք են. «Apple»-ը, «Google»-ը, «Microsoft»-ը, «Nestle»-ն, «Coca-Cola»-ն, «Toyota»-ն, «Volkswagen»-ը, «Honda»-ն, «Nissan»-ը, «Siemens»-ը, «Sony»-ն, «Toshiba»-ն, «Nike»-ը, «General Electric»-ը, «Philip Morris International»-ը․․․
Ֆոնդում կուտակումների դիմաց կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները ձեռք են բերում փայեր, որոնց արժեքը կարող է իջնել կամ բարձրանալ։ Ֆոնդերը կարող են ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական եկամտաբերություն։
Իսկ ինչպե՞ս խուսափել բացասական եկամտաբերությունից ու ռիսկերից։ Ի պատասխան մեր գրավոր հարցման՝ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ից հայտնում են՝ ցանկացած ներդրում պարունակում է ռիսկեր․ կենսաթոշակային ֆոնդի ներդրումները եւս ուղեկցվում են մի շարք ռիսկերով, որոնցից են՝ շուկայական, վարկային, հաշվարկային, իրացվելիության, գործառնական կամ այլ ռիսկերը։ Դրանք կարող են ազդել ֆոնդի եկամտաբերության եւ փայի հաշվարկային արժեքի վրա։
«Այնուամենայնիվ, կենսաթոշակային ֆոնդերը համարվում են աշխարհում համեմատաբար ցածր ռիսկայնություն ունեցող գործիքներից։ Ռիսկերը նվազեցնելու նպատակով ֆոնդերի ներդրումները դիվերսիֆիկացվում են ըստ բազում չափանիշների, որն էլ ռիսկերի նվազեցման ընդունված լավագույն միջոցներից է»,- վստահեցնում է «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։
ՀՀ Կառավարության եւ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ միջեւ կնքված պայմանագրի համաձայն՝ դեպոզիտարիան իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների ռեեստրի վարումը: Օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների պահառության գործառույթը նույնպես վերապահված է Դեպոզիտարիային:
Ինչպե՞ս, ի՞նչ սկզբունքով ընտրել կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ
Քաղաքացին՝ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, կարող է հաշվի օպերատորների միջնորդությամբ եւ «Իմ հաշիվը» ինտերնետային էջի միջոցով կառավարել կենսաթոշակային հաշիվները:
(Հաշվի օպերատորը իր մատուցած ծառայությունների շրջանակներում չի գովազդում որեւէ կենսաթոշակային ֆոնդ եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, չի տրամադրում խորհրդատվություն կամ որեւէ այլ կերպ չի ուղղորդում մասնակիցներին կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության հարցում):
Կառավարման հնարավորություններն են՝ անձնական տվյալների փոփոխություն, կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարչի ընտրություն, կենսաթոշակային ֆոնդի փայերի փոխանակում։
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է ընտրել կենսաթոշակային ֆոնդ եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ՝ իր հետագա կուտակային վճարներն ուղղելով կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կենսաթոշակային ֆոնդին:
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է նաեւ փոխել իր ակտիվ կենսաթոշակային ֆոնդը՝ կրկին ներկայացնելով դիմում: (Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է ունենալ միայն մեկ ակտիվ կենսաթոշակային ֆոնդ): Ընդ որում, մասնակիցը հնարավորություն ունի ցանկացած ժամանակ իր կենսաթոշակային հաշվում առկա փայերն այլ կենսաթոշակային ֆոնդի փայերով փոխանակելու (այսինքն՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարելու եւ մարված փայերի հաշվարկային արժեքին համապատասխան այլ կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու): Տվյալ գործառնություն իրականացնելու համար մասնակիցը պետք է ներկայացնի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը փոխանակելու դիմում: Նշված դեպքում հետագա վճարները շարունակվում են ուղղվել ֆոնդի/ֆոնդի կառավարչի ընտրության դիմումում նշված ֆոնդի փայերի ձեռքբերմանը:
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը հնարավորություն ունի տարեկան մեկ անգամ անվճար ստանալու իր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվություն՝ ներկայացնելով կենսաթոշակային հաշվում արտացոլված տարեկան տվյալների (նախորդ տարվա տարեկան հաշվետվության) ստանալու մասին դիմում: Հաշվետվությունն էլեկտրոնային եղանակով ստանալու համար նշված դիմումը լրացվում է մեկ անգամ եւ հետագա տարիներին մասնակիցը շարունակում է ստանալ էլեկտրոնային հաշվետվություն, իսկ թղթային եղանակով ստանալու համար մասնակիցը յուրաքանչյուր տարի պետք է լրացնի տվյալ դիմումը:
Կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ ընտրելիս ցանկալի է համեմատել դրանց եկամտաբերությունները երկարաժամկետ, ոչ թե կարճաժամկետ կտրվածքով: Եկամտաբերության ցուցանիշներին կարելի է հետեւել նաեւ ակտիվների կառավարիչների եւ Կենտրոնական դեպոզիտարիայի կայքերում։
Կենսաթոշակային հաշիվը հնարավոր է ստուգել բանկոմատով եւ մի շարք բանկերի բանքինգ համակարգով։ Մանրամասն կենսաթոշակային քաղվածք կարելի է ստանալ «Իմ հաշիվ» կայքէջ մուտք գործելով կամ հաշվի օպերատոր բանկեր կամ «Հայփոստի» բաժանմունք այցելելով։
Եթե կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կենսաթոշակային ֆոնդի կառավարչի եւ կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չի կատարում, ապա նրա անունից ընտրությունը կատարվում է պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգի միջոցով՝ պատահականության սկզբունքով։
Կենսաթոշակային ֆոնդ ընտրելիս պետք է իմանալ՝ ինչ տարբերություն կա դրանց միջեւ։
Հավասարակշռված ֆոնդի նպատակն է ապահովել ֆոնդի ակտիվների արժեքի երկարաժամկետ աճը՝ մինչեւ 50 տոկոսը ներդնելով բաժնետոմսերում, բաժնային արժեթղթերի ֆոնդերում եւ այլ նմանատիպ գործիքներում: Ակտիվների մնացած մասը ներդրվում է պարտքային արժեթղթերում, դրամական շուկայի գործիքներում, ավանդներում եւ այլ նմանատիպ գործիքներում: Սա ամենաբարձր ռիսկայնություն ունեցող ֆոնդն է, ուստի նախատեսված է ռիսկի համեմատաբար բարձր հակվածություն ունեցող մասնակիցների համար։
2023 թվականին «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ»-ի հավասարակշռված ֆոնդն ունեցել է 14,55% եկամտաբերություն, իսկ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ի ֆոնդը՝ 16,5%։
Պահպանողական (կոնսերվատիվ) կենսաթոշակային ֆոնդի նպատակն է ապահովել ֆոնդի ակտիվների արժեքի երկարաժամկետ աճը՝ մինչեւ 25 տոկոսը ներդնելով բաժնետոմսերում, բաժնային արժեթղթերի ֆոնդերում եւ այլ նմանատիպ գործիքներում: Ակտիվների մնացած մասը ներդրվում է պարտքային արժեթղթերում, դրամական շուկայի գործիքներում, ավանդներում եւ այլ նմանատիպ գործիքներում: Այս ֆոնդը նախատեսված է ռիսկի միջին հակվածություն ունեցող մասնակիցների համար: 2023 թվականին «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ»-ի պահպանողական ֆոնդն ունեցել է 14,3% եկամտաբերություն, իսկ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ի ֆոնդը՝ 16,3%։
Կայուն եկամտային ֆոնդի նպատակն է ապահովել ֆոնդի ակտիվների արժեքի երկարաժամկետ աճը՝ ֆոնդի ակտիվների 100 տոկոսը ներդնելով պարտքային գործիքներում, դրամական շուկայի գործիքներում, ավանդներում եւ այնպիսի ներդրումային ֆոնդերում, որոնց ակտիվները ներդրվում են վերը նշված արժեթղթերում եւ ավանդներում: Ֆոնդը ներդրումներ չի կատարում բաժնային արժեթղթերում կամ նմանատիպ ներդրումային ֆոնդերում: Այս ֆոնդը նախատեսված է ցածր ռիսկայնություն նախընտրող մասնակիցների համար:
2023 թվականին «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ»-ի կայուն եկամտային ֆոնդն ունեցել է 12,30% եկամտաբերություն, իսկ «Ցե-Կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա»-ի նույնանուն ֆոնդը՝ 12,6%։
Կուտակող քաղաքացիների մեծ մասի գումարները պահպանողական ֆոնդերում են։ Քանի որ այս մասնակիցները չեն ընտրել կենսաթոշակային ֆոնդ, համակարգը նրանց փոխարեն ընտրել է միջին ռիսկայնության ֆոնդ։
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը սահմանում է՝ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է ներդնել ռիսկերի կառավարման այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած ժամանակ հսկելու եւ գնահատելու դիրքերի ռիսկերը եւ դրանց բաժինը կենսաթոշակային ֆոնդի ընդհանուր ռիսկի մեջ։ Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
Վիճակագրություն
Ըստ Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների՝ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են Հայաստանի ֆինանսական համակարգի ակտիվների 5.7 տոկոսը, 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 5.7 տոկոսը, 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 7.2 տոկոսը:
2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ֆոնդերի փայերի զուտ ակտիվների արժեքը ՀՀ-ում կազմում է 799․2 միլիարդ դրամ։ Ակտիվների ընդհանուր կառուցվածքը ներկայացված է ստորեւ.
2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը կազմել է 482,5 մլրդ դրամ, 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 560,4 մլրդ դրամ, իսկ 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ավելի քան 799,2 մլրդ դրամ։
2024 թվականի ապրիլի վերջին զուտ ակտիվների արժեքը կազմել է 882.3 մլրդ դրամ, որն էականորեն ավելի է նախորդ տարվա նույն ամսի ցուցանիշների համեմատ։
Ակնհայտ է, որ տարեցտարի ֆոնդերի զուտ ակտիվների արժեքն աճում է։
2021թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների թիվը կազմել է 672,142 մարդ, 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 748,664, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 812,093 մարդ։
Օրենքով սահմանվում է՝ ֆոնդերում կուտակված գումարների առնվազն 60%-ը պետք է ներդրվի Հայաստանում։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը մանրամասնում է՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Ամունդի-Ակբա»-ի երեք ֆոնդի շուրջ 417 մլրդ դրամ ակտիվի շուրջ 70%-ը ներդրված էր Հայաստանում մասնավորապես՝ 38,8%-ը պետական պարտատոմսերում, 2,9%-ը կորպորատիվ պարտատոմսերում, 27,4%-ը ավանդներում եւ կանխիկ միջոցներում, 0,4% -ը հայաստանյան ընկերության բաժնետոմսերում, 0,2%-ը ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդում։
Ինչպե՞ս կարելի է հաշվել, թե որքան կենսաթոշակ կստանաք
Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունք է ունենում, եթե լրացել է մասնակցի կենսաթոշակային տարիքը (63 տարեկան)՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Համակարգի մասնակիցները կարող են հաշվել իրենց կենսաթոշակի չափը ՀՀ Կենտրոնական Բանկի ստեղծած կայքում կենսաթոշակային հաշվիչի միջոցով։
Մի օրինակով փորձենք պարզել, թե քաղաքացին որքան կենսաթոշակ կստանա։
Ենթադրենք, որեւէ աշխատող այժմ 33 տարեկան է եւ ստանում է 80 000 դրամ աշխատավարձ։ Այն տարեկան աճում է 3%-ով, ֆոնդի փայերը ունեն տարեկան 10% եկամտաբերություն, կուտակային հաշվին ամեն ամիս փոխանցվում է աշխատավարձի 5%-ի չափով գումար, իսկ կյանքի տեւողությունը թոշակի անցնելուց հետո 15 տարի է: Այս պարագայում թոշակի անցնելիս աշխատողը կստանա ցմահ կենսաթոշակ ամսական մոտ 60 000 ՀՀ դրամի չափով (միայն կուտակային բաղադրիչից):
Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց առաջ ո՞ր երկրների փորձն է ուսումնասիրվել
ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը մշակելը՝ ՀՀ վարչապետի 2006 թվականի օգոստոսի 4-ի թիվ 599-Ա որոշման հիման վրա ստեղծվել է Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների աշխատանքային խումբ՝ Կառավարության աշխատակազմի, Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության, Կենտրոնական բանկի եւ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մասնագետների մասնակցությամբ։ Աշխատանքային խումբն իրականացրել է լայնածավալ հետազոտություններ, հաշվարկներ եւ աշխարհի երկրների փորձի համեմատություններ։ Մինչեւ 2008 թվականն աշխարհում կենսաթոշակային համակարգերի գրեթե բոլոր մոդելները ներառված են եղել այդ հետազոտություններում՝ ներառելով ՏՀԶԿ երկրներ, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի, Լատինական Ամերիկայի, Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային եւ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներ։ Մասնավորապես՝ բարեփոխումների ճանապարհ անցածների թվում ուսումնասիրվել են հետեւյալ երկրների փորձը՝ Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Իսպանիա, Միացյալ Թագավորություն, Շվեդիա, Նիդերլանդներ, Իսլանդիա, Սլովենիա, Ռուսաստան, Չիլի, Պերու, Կոլումբիա, Մեքսիկա, Արգենտինա եւ այլն։ Առանձնապես հետազոտվել է այն երկրների փորձը, որտեղ կենսաթոշակային համակարգի բարեփոխումներն իրականացվել են բազմաստիճան կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով՝ Հունգարիա, Ղազախստան, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Խորվաթիա, Բուլղարիա, Սլովակիա։
Ի՞նչ քայլեր է ձեռնարկում պետությունը քաղաքացիներին կուտակային կենսաթոշակային համակարգի մասին իրազեկելու համար
Քանի որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների մեծ մասը չի ընտրել ֆոնդի կառավարիչ եւ ֆոնդ, պետք է հանրության շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնել։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է՝ կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների մեկնարկի եւ համակարգի գործարկումից հետո նկարահանվել եւ հեռարձակվել են տարբեր բացատրական եւ կրթական հոլովակներ, իրականացվել է կրթական արշավ, կազմակերպվել են սեմինարներ ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Հրապարակվել են տեսահոլովակներ։
Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ կրթական բաղադրիչն ինտեգրվել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման նյութերում, նկարահանվել է դաս-հաղորդում «Բուն» գիտամշակութային հիմնադրամի հետ համատեղ եւ տեղադրվել է «Բունուս» հարթակում։
«Հանրության տարբեր խմբերի շրջանում իրականացված եւ իրականացվող ֆինանսական կրթման սեմինարների բաղադրիչներից մեկն է «Խնայողությունը եւ երկարաժամկետ պլանավորումն», այդ թվում՝ կուտակային կենսաթոշակային համակարգը։ Բարեփոխման մեկնարկին պատրաստվել է տեղեկատվական գրքույկ»,- նշում է Զարուհի Մանուչարյանը։
Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է հանրային իրազեկման աշխատանքներ։
Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները փոքր են
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նշում է՝ ֆոնդերում կուտակված գումարները մեր երկրում հիմնականում պետական պարտատոմսերի, բանկերի ավանդներում են ներդրվում։ Հայաստանում գումար ներդնելու այլ տարբերակ չկա։
«Այսինքն՝ ֆոնդերի կառավարիչները հիմնականում ֆինանսավորում են պետական պարտքը կամ բանկերին տալիս են երկարաժամկետ, ցածր տոկոսով գումարներ՝ որպես ավանդ։ Բանկերն էլ այդ գումարները վարկով տալիս են քաղաքացիներին»,- մանրամասնում է տնտեսագետը։
Նա վստահեցնում է՝ մեր երկրում ֆոնդերի կառավարիչները հիմնականում նույն բնույթի ծառայություններ են մատուցում, ուստի քաղաքացիների համար առանձնապես տարբերություն չկա՝ ո՛ր ֆոնդում ներդնել գումարները։ Անշուշտ, նաեւ գիտելիքի պակաս կա, շատերը կենսաթոշակային այս մոդելի մասին գաղափար չունեն։
Հատկանշական է, որ արդեն տասը տարի է, համակարգը գործում է, սակայն այս տարիների ընթացքում նոր ֆոնդի կառավարիչ ի հայտ չի գալիս։ Կան երկու խաղացողներ, որոնք միասնական կերպով գնային քաղաքականություն են վարում եւ առանձնապես մրցակցություն չկա։ Եթե լիներ նաեւ այլ խաղացող, մրցակցություն կլիներ, ֆոնդերն է՛լ ավելի արդունավետ կգործեին՝ ջանալով գրավել կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին։
«Հայաստանի ներքին շուկան բավականին սահմանափակ է․ փող ներդնելու տեղ չկա, ուստի շատ ընկերություններ ուղղակի չեն ուզում մտնել այս շուկա»,- բացատրում է տնտեսագետը։
Խոսելով ֆոնդերի եկամտաբերության ու ռիսկերի մասին՝ տնտեսագետը հիշեցնում է՝ 2022-ին ունեցանք գումարների նվազում՝ 7-8%-ի չափով, որը պայմանավորված էր դրամի արժեւորմամբ։ Արտերկրում դրված ակտիվներն արժեզրկվեցին։ 2022 թվականին կար բարձր ինֆլյացիա՝ մոտավորապես 8,6%․ այս պայմաններում պետական պարտատոմսերի շուկայական գինը կտրուկ նվազել էր, ուստի ֆոնդերում նկատվեց գումարների նվազում։
2023 թվականին իրավիճակն այլ էր․ գնաճի մակարդակը ցածր էր, իսկ պետական պարտատոմսերի գները բարձրացան։
Հայաստանում դեռեւս չկան երկարաժամկետ ներդրումներ անելու հնարավորություններ։
Պարտադիր կենսաթոշակային համակարգի հեղինակները ժամանակին հայտարարում էին, որ այս համակարգի կիրառման պարագայում կապահովվի քաղաքացիների բարեկեցիկ ծերությունը․ փաստը ցույց է տալիս, որ այս պատկերացումը միֆ է, քանի որ առհասարակ, պարտադիր կուտակային համակարգն ամբողջությամբ կախված է շուկայական տատանումներից եւ հմուտ կառավարումից։ Նույնիսկ հմուտ կառավարիչները կարող են այս տատանումների կամ ճգնաժամերի պայմաններում մեծ գումարներ կորցնել։
Մի փաստ եւս արձանագրենք․ կենսաթոշակային ֆոնդերի կառավարումը ստանձնում է մասնավոտ սեկտորը։ Եթե այդ գործառույթն իրականացներ պետությունը, կուտակային հաշիվներում հավաքված գումարը հնարավոր կլիներ ամբողջապես ներդնել ու շրջանառել Հայաստանում, տարբերծրագրեր իրականացնել։ Այդ դեպքում հնարավոր կլիներ ֆոնդերում կուտակված գումարները ծառայեցնել նաև երկրի տնեսության զարգացման համար։ Իսկ հիմա այս գումարները կառավարում է, շրջանառության մեջ դնում մասնավոր սեկտորը, իսկ պետությունը ներքին կամ արտաքին աղբյուրներից պարտք է տարբեր ծրագրեր իրականացնելու համար, մինչդեռ հնարավոր էր այդ ծրագրերի զգալի մասն իրականացնել կենսաթոշակային ֆոնդերում հավաքված գումարների միջոցով, եթե ֆոնդերը կառավարեր պետությունը, ոչ թե մասնավոր ընկերությունները։
«Մեր ապագա կենսաթոշակային բարեկեցությունը կախված է շուկայական տատանումներից, մինչդեռ ՀՀ Սահմանադրության դրույթների համաձայն՝ պետության պարտավորությունն է բոլոր քաղաքացիների համար ապահովել բարեկեցիկ ծերություն, ոչ թե այդ պարտավորությունը, պատասխանատվությունը թողնել մասնավոր ֆոնդերի կառավարիչների վրա»,- եզրափակում է տնտեսագետը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։