Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկում է մեկնարկել Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվնագիտական խոհովակներով փոխանցված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմի ստեղծման աշխատանքները։
Նախօրեին՝ հունիսի 22-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․
«Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի Հանրապետության ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը:
Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված հայտարարության եւ ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները»:
Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը սկսել է հանդես գալ սահմանագոտու հարավ արեւելյան եւ հյուսիս արեւմտյան հայկական դիրքերից իբր արձակված կրակոցների մասին հայտարարություններով, որոնք ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքում է։
Միայն հունիսի 22-ին Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է երկու նմանատիպ հայտարարություն։