Ոչ միայն այս, այլեւ նախորդ տարիներին Հայաստանում սակավաջրության խնդիր է առաջանում, ուստի Սեւանից ջուր է բաց թողնվում։ Ջրային ռեսուրսների անարդունավետ կառավարման հետեւանքով նույնիսկ տեղումնառատ տարում հնարավոր չի լինում ոռոգելի բոլոր հողատարածքներն ըստ անհրաժեշտության ջրել։ Երբեմն անգամ բանջարանոցը կամ այգին չորանում են ոռոգման ջրի բացակայության պատճառով։
Հայաստանում ոռոգման հիմնական աղբյուրներից են Սեւանա լիճը, Հրազդան, Ազատ, Ախուրյան, Արաքս, Քասախ, Դեբեդ, Արփա, Եղեգիս գետերը եւ ստորերկրյա ջրային ավազանը: Սակավաջրության դեպքեր գրանցվում են հանրապետության ամբողջ տարածքում, սակայն դրա ազդեցությունն էապես զգացվում է Արարատյան հարթավայրում, մասնավորապես՝ ՀՀ Արարատի եւ Արմավիրի մարզերում՝ պայմանավորված օդի միջին բարձր ջերմաստիճանով: Սակավաջրությունից խուսափելու համար հարկավոր է ունենալ ջրամբարներ, բայց մեր երկրում եղած ջրամբարները քիչ են, եղածների մի մասն էլ վերանորոգման կարիք ունի։
Ըստ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի հրապարակած տվյալների՝ Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով հարուստ երկիր։ Սակայն, ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 1,12 միլիարդ մետր խորանարդ։ Դրանք հիմնականում օգտագործվում են ոռոգման եւ հիդրոէներգիայի արտադրության համար։ Ի տարբերություն Հարավային Կովկասի մյուս երկրների՝ Հայաստանն ունի ավելի քիչ ջրամբարներ եւ ջրամբարի փոքր տարողունակություն։
«Առաջիկա ամիսներին կավարտվի Վեդու ջրամբարի շինարարությունը։ 2023 թվականից մեկնարկել է Կապսի ջրամբարի շինարարությունը, իսկ 15 ջրամբարների մասով իրականացվում են նախագծման կամ ուսումնասիրության աշխատանքներ: Ակնկալվում է, որ այդ ջրամբարների կառուցումը դրական ազդեցություն կունենա սակավաջրության հետեւանքները մեղմելու հարցում»,- «Ալիք մեդիայի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը։
Հանրապետությունում ոռոգման ջրի կորուստները հիմնականում պայմանավորված են համակարգերի քայքայվածությամբ եւ այն հանգամանքով, որ դրանց մեծ մասն անցնում են հողային հունով: (Միայն 2023 թվականին ոռոգման համակարգերում հիմնանորոգվել են ավելի քան 165 կմ երկարությամբ ջրանցքներ):
Կարելի՞ է արդյոք խմելու ջուրն օգտագործել ոռոգման նպատակով
Բնակավայրերում եւ բնակավայրերի առանձին թաղամասերում, որտեղ չկան մակերեւութային անհրաժեշտ ջրային աղբյուրներ եւ ոռոգման համակարգ, բայց կան խմելու ջրի բավարար պաշարներ եւ տեխնիկական հնարավորություններ, խմելու ջուրը կարող է պայմանագրային հիմունքներով տրամադրվել ոռոգման նպատակով բացառապես բնակիչ բաժանորդներին։ Բնակիչը դրա դիմաց վճարում է ոռոգման ջրի օգտագործման համար սահմանված վարձավճարների չափով (ՀՀ կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի N 658-Ն որոշում)։
Սահմանված կարգի համաձայն՝ խմելու ջուրը ոռոգման նպատակով բնակիչներին կարող են մատակարարել լիցենզիա ունեցող կազմակերպությունները («Վեոլիա ջուր» ՓԲԸ կամ համայնքներ)։
Կաթիլային ոռոգման միջոցով կարելի է խնայել ջուրը
Ըստ ՏԿԵՆ ջրային կոմիտեի տրամադրած տվյալների՝ 2023 թվականին ոռոգման ջուր է մատակարարվել շուրջ 115 000 ջրօգտագործողի, որոնցից շուրջ 3000-ն օգտագործում է կաթիլային ոռոգման համակարգ:
Կաթիլային ոռոգման միջոցով ջուրը կարելի է խնայել ու արդյունավետ օգտագործել։ Վերջին տարիներին աստիճանաբար ավելացել է կաթիլային համակարգ կիրառողների թիվը։ 2023 թվականին ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում կաթիլային ոռոգման եղանակով ոռոգվող հողատարածքների մակերեսը 2018-ի համեմատ ավելացել է ավելի քան վեց անգամ։
«Մինչեւ երեք հա հողատարածքներում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու պարագայում ջրօգտագործողները կարող են դիմել պետական աջակցության ծրագրին եւ հինգ տարով ազատվել ոռոգման ջրի վարձավճարից։ Հայաստանում մշակվող մշակաբույսերի՝ կաթիլային եղանակով ոռոգելու հնարավորությունը կախված է բույսի տեսակից, բնակլիմայական պայմաններից եւ այլ հանգամանքներից»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշեց ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը։
Հայաստանի ջրային ռեսուրսները խիստ խոցելի են կլիմայական փոփոխության նկատմամբ։ Կանխատեսվում է, որ մինչեւ 2050 թվականը երկիրը տաքանալու է մոտ 2°C-ով, ուստի ջրային ռեսուրսները զգալիորեն կնվազեն։
Ցավոք, այժմ Հայաստանը չունի ջրային ոլորտի ռազմավարություն։ Փաստահեն եւ մասնակցային կառավարում իրականացնելու նպատակով հարկավոր է նաեւ անհրաժեշտ հետազոտություններ կատարել։ Դրանց առկայության դեպքում հնարավոր կլիներ ջրային ռեսուրսների ճիշտ բաշխում կատարել, խուսափել սակավաջրության խնդրից։ Հայաստանն այժմ փաստացի ջրային լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։