Կիրակի օրը Դաղստանի Դերբենտ եւ Մախաչկալա քաղաքներում ուղղափառ եկեղեցիների, սինագոգի եւ ճանապարհային ոստիկանության հակիչ կետի վրա հարձակումների հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ, այդ թվում՝ 15 ոստիկան։
Հանրապետությունում սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ, երկու քաղաքներում էլ մարտերը շարունակվել են մինչեւ ուշ երեկո։
Ժամը 23:00-ի սահմաններում Ազգային հակաահաբեկչական կոմիտեն (ԱՀԿ) հայտնել է, որ Դերբենտում հատուկ գործողության ակտիվ փուլն ավարտվել է։
Գիշերը ԱՀԿ-ն հայտնել է, որ գործողության ընթացքում սպանվել է հարձակում գործած հինգ անձ։
«Դերբենդում իրականացված ռազմական միջոցառումների արդյունքում վնասազերծվել է երկու, իսկ Մախաչկալայում՝ երեք զինյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վեց զինյալ է սպանվել՝ չորսը Մախաչկալայում, երկուսը Դերբենտում։ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը նույնպես հաստատել էր, որ սպանվել էր հարձակում իրագործած վեց անձ։
Սակայն հարձակվողների ստույգ թիվը դեռեւս հայտնի չէ։ ԱՀԿ-ն հայտնել է, որ եռեւս փնտրում են զինյալների հանցակիցներին։
«Այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 15 ոստիկան»,- երեկոյան տելեգրամյան ալիքում գրել էր Դաղստանի ղեկավարը։ Նրա տվյալներով զահվել են նաեւ մի քանի քաղաքացիական անձ։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «ահաբեկչական հարձակում» հոդվածով։ Դաղստանում հունիսի 24-26-ը սգո օրեր են հայտարարվել։
Դերբենտում եւ Մախաչկալայում կրակոցների մասին հաղորդագրությունները սկսեցին հայտնվել կիրակի ուշ երեկոյան:
Դերբենտում անհայտ անձինք հարձակվել են Լենինի փողոցում գտնվող Սուրբ Աստվածածնի բարեխոսության եկեղեցու եւ Թագի-Զադեի փողոցի Քելե-Նումազ սինագոգի վրա՝ կրակ բացելով գնդացիրներից, հայտնում է ՆԳՆ-ն։ Հարձակման հետեւանքով սինագոգում հրդեհ է բռնկվել։
Ռուսաստանի հրեական կոնգրեսը պարզաբանել է, որ հարձակումը Դերբենտի սինագոգի վրա տեղի է ունեցել երեկոյան աղոթքից քիչ առաջ։
Միեւնույն ժամանակ անհայտ անձանց մեկ այլ խումբ էլ կրակ էր բացել Մախաչկալայում։ Այնտեղ էլ հարձակման էր ենթարկվել Էրմոշկին փողոցի ճանապարհային ոստիկանության հսկիչ կետը, ինչպես նաեւ հարակից սինագոգը։ Փոխհրաձգություն էր տեղի ունեցել նաեւ Օրջոնիկիձե փողոցում գտնվող Սուրբ Վերափոխման տաճարի մոտ։ Հարձակման ժամանակ եկեղեցում բարիկադավորվել էր 19 մարդ՝ հիմնականում հոգեւորականներ եւ եկեղեցու սպասավորներ։ Ավելի ուշ նրանց տարհանել էին ՆԳՆ աշխատակիցները։
Կրակոցներ են գրանցվել նաեւ Սերգոկալա գյուղում, որը գտնվում է Մախաչկալայից 65 կմ հարավ։
Այնտեղ անհայտ անձինք կրակել էին ոստիկանական մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով վիրավորվել էր մեկ ոստիկան։Այնտեղ անհայտ անձինք կրակել են ոստիկանական մեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով ոստիկաններից մեկը վիրավորվել է։