ԵՄ-ն մշակել է մեխանիզմ, որը հնարավոր է դարձնում շրջանցել Հունգարիայի վետոն՝ դրված Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտներով Ուկրաինայի համար զենք գնելու վրա։ Այս մասին Financial Times-ին (FT) տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը։
Նրա խոսքով՝ Բուդապեշտը, որը նախկինում մերժել էր ռուսական ակտիվների օգտագործման առաջարկը, «չպետք է մասնակցի [դրանց] օգտագործման որոշմանը»։
Բորելը նշել է, որ վետոյի շրջանցման մեխանիզմը կլինի «բարդ, ինչպես ցանկացած օրինական որոշում, բայց կաշխատի»։
Եվրոպական արտաքին քաղաքականության ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն ավելի վաղ Հունգարիային առաջարկել էր այնպիսի սխեմա, ինչպիսին Բուդապեշտի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համաձայնեցվել էր հունիսին։
«Մենք Հունգարիային առաջարկել ենք․Ձեր գումարը ոչ մի կերպ չի օգտագործվի Ուկրաինային աջակցելու համար: Ոչ միայն [մահաբեր] զենքի մատակարարման, այլ նաեւ այլ նպատակների համար»,- ասել է Բորելը։
Ըստ նրա Բուդապեշտը դրա դիմաց պետք է ԵՄ երկրներին վստահեցներ, որ վետո չի դնի Ուկրաինայի վերաբերյալ որոշումների վրա, սակայն Հունգարիայի իշխանությունները, մերժել էին այս առաջարկը։
Financial Times-ի համաձայն՝ ԵՄ ԱԳ նախարարները հունիսի 24-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն հունգարական վետոն շրջանցելու սխեման։
Մայիսին FT-ն հայտնել էր, որ Հունգարիան խոչընդոտում է Եվրահանձնաժողովի ծրագրերի իրագործմանը, որը մտադիր է զենք գնել Կիեւի համար՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից բռնագրավված եկամուտները եւ «արգելափակում է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման հետ կապված ամեն ինչ»։