Եվրամիության խորհուրդը վերջնականապես հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը, որը ներդրվելու է Ուկրաինա ներխուժելու եւ շարունակվող ագրեսիայի հետ կապված։ Այս մասին ասվում է այսօր՝ հունիսի 24-ի առավոտյան հրապարակված մամուլի հաղորդագրությունում։ Շուտով կհրապարակվի նաեւ պատժամիջոցների նոր միջոցառումների ցուցակը։
Նախնական տվյալներով ԵՄ-ն սահմանափակումներ է մտցրել 116 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ։
Նոր փաթեթի հիմնական կետերից մեկը վերաբերում է ռուսական հեղուկ բնական գազը եվրոպական նավահանգիստներով տարանցելու սահմանափակմանը։ Երրորդ երկրների համար նախատեսված ռուսական հեղուկ գազը այլեւս չի վերաարտահանվի ԵՄ նավահանգիստներով։ Միեւնույն ժամանակ, արգելք չի սահմանվել Ռուսաստանից բուն ԵՄ երկրներ հեղուկ գազի մատակարարումների վրա։
Պատժամիջոցներ են սահմանվում նաեւ այսպես կոչված ռուսական ստվերային նավատորմի 27 տանկերի եւ նավերի նկատմամբ, որոնք օգտագործվում են, մասնավորապես, զենքի կամ ուկրաինական հացահատիկի տեղափոխման համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆիզիկական անձանցից պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն երգչուհի Պոլինա Գագարինան, գործարարներ Իգոր Ալտուշկինը, Ռոման Տրոցենկոն եւ Թայմուրազ Բոլոեւը։
Ռուսական ռազմարդյունաբերական համալիրին անմիջականորեն աջակցելու պատճառով պատժամիջոցների ցանկում ընդգրկված է 61 անձ կամ ընկերություն, այդ թվում Չինաստանից, Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից եւ ԱՄԷ-ից գործող ընկերություններ։
Պատժամիջոցներ կկիրառվեն նաեւ Ռուսաստանի Բանկի արագ ֆինանասական հաղորդագրությունների համակարգի դեմ, որը SWIFT-ի ռուսական անալոգն է՝ նախատեսված երրորդ երկրների հետ ֆինանսական գործարքներ իրականացնելու համար։
ԵՄ ավիաընկերություններին կարգելվի պայմանագրեր կնքել Ռուսաստանի քաղաքացիների կամ կազմակերպությունների հետ՝ չարտերային եւ մասնավոր չվերթներ իրականացնելու համար ամբողջ աշխարհում։