Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է Ռուսաստանի արտգործնախարարություն ուկրաինական բանակի կողմից Սեւաստոպոլին հասցրած հրթիռային հարվածներից հետո։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության կայքը։
Հաղորդագրության տեքստում նշվում է, որ «կատարվել է դիվանագիտական դեմարշ՝ կապված Վաշինգտոնի կողմից հովանավորվող եւ զինվող Կիեւի ռեժիմի նոր արյունալի հանցագործության հետ»։
«Ընդգծվել է, որ այս վայրագության համար ԱՄՆ-ն Կիեւի ռեժիմի հետ հավասար պատասխանատվություն է կրում, որը հիբրիդային պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ եւ փաստացի դարձել է հակամարտող կողմ՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելով ամենաժամանակակից սպառազինությունները, այդ թվում կասետային մարտագլխիկներով ATACMS հրթիռներ, որոնք օգտագործվում են Սեւաստոպոլի բնակիչների դեմ, որոնց թիրախներին ուղեկցումը եւ թռիչքային հանձնարարականի ներդրումը իրականացնում են ամերիկացի մասնագետները»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Գերատեսչությունը Միացյալ Նահանգներին մեղադրել է «Ուկրաինայի նացիստամետ իշխանություններին մինչեւ վերջին ուկրաինացին ռազմական գործողությունների շարունակումը խրախուսելու համար», որի օրինակնէ, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ռազմական նպատակներով ռուսական տարածքում ամերիկյան զենք օգտագործելու թույլատրելիությունը։
ՌԴ ԱԳՆ-ն նաեւ սպառնացել է, որ Վաշինգտոնի նման գործողությունները «անպատիժ չեն մնա», եւ «անպայման կհետեւեն պատասխան քայլեր»։
Նշենք, որ հունիսի 23-ին Սեւաստոպոլը հրթիռակոծության էր ենթարկվել։ Ռուսաստանը հարձակման համար մեղադրել էր Ուկրաինայի զինված ուժերին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հարվածը հասցվել է «կասետային մարտագլխիկներով հագեցած ամերիկյան ATACMS հրթիռներով»։ Զոհվել էր 4 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, ավելի քան 150 մարդ վիրավորվել է։
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։ Ուկրաինայի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել Սեւաստոպոլի հրթիռային հարվածը։