Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում մարտերի ինտենսիվ փուլը գրեթե ավարտվել է, բայց դա չի նշանակում, որ պատերազմը մոտենում է ավարտին։
Նրա խոսքով՝ այն կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ չի հեռացվել իշխանությունից։
Նա հավելել է, որ իսրայելական զինվորականները շուտով կկարողանան զորքերը տեղափոխել Լիբանանի հետ սահման, որտեղ ավելի հաճախակի են դարձել փոխհրաձգություններն ու հրետակոծությունները Իրանի կողմից հովանավորվող շիայական քաղաքական ու ռազմական կառույց «Հեզբոլլահի» հետ։
Նեթանյահուն իր խոսքում կրկին մերժել է այն գաղափարը, որ Հորդանան գետի Արեւմտյան ափը վերահսկող Պաղեստինի ազգային վարչակազմը պատերազմի ավարտից հետո պետք է ստանձնի Գազայի հատվածի վրա վերահսկողությունն ու պատասխանատվությունը ՀԱՄԱՍ-ի փոխարեն:
Ըստ Իսրայելի վարչապետի պատերազմի գլխավոր նպատակները շարունակում են նույնը մնալ։ Դրանք ենթադրում են Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածի ապառազմականացում եւ այնտեղ քաղաքացիական վարչակազմի ստեղծում՝ տարածաշրջանի որոշ երկրների աջակցությամբ եւ ակտիվ մասնակցությամբ։
«Ես կարծում եմ, որ սա հետագա առաջընթացի ճիշտ ուղին է», — ասել է վարչապետը իսրայելական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Ես ձեզ կասեմ այն, ինչ ես պատրաստ չեմ անել։ Ես պատրաստ չեմ այնտեղ ստեղծել պաղեստինյան պետություն եւ այն հանձնել Պաղեստինի ղեկավարությանը։ Սա մի բան է, որը ես հաստատ պատրաստ չեմ անել»․-հավելել է Նեթանյահուն:
Ռաֆահի բնակիչները նշում են, որ քաղաքում ավելի հաճախակի են դարձել զինված բախումները իսրայելական բանակի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ։ Միեւնույն ժամանակ, հաղորդվում է, որ իսրայելական ավիահարվածների հետեւանքվ սպանվել է Գազայի առողջապահության նախարարության շտապ օգնության ծառայությունների տնօրենը։ Եւս մեկ հարված հասցվել է օգնության բաշխման կենտրոնին՝ իսրայելական հրամանատարությունը հայտնել է, որ այն օգտագործել են ՀԱՄԱՍ-ի մարտիկները։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը շաբաթվա սկզբին տարբեր հանդիպումներ կանցկացնի Վաշինգտոնում, որտեղ կքննարկի ոչ միայն Գազայում շարունակվող պատերազմը, այլեւ «Հեզբոլլահի» հետ լարվածության սրումը։