Վաշինգտոնը շարունակում է աջակցել Հայաստանին եւ Ադրբեջանին` հարաբերությունների կարգավորման համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով հարցին թե արդյո՞ք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ուզում էր նոր բան լսել խաղաղության գործընթացի մասին։
«Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ներգրավվածությանը եւ շարունակում ենք աշխատել՝ փորձելով լուծել այդ վեճը»,-ասել է Միլլերը՝ նշելով, որ չի կարող ներկայացնել մասնավոր դիվանագիտական զրույցը։
Հիշեցնենք, որ պետքարտուղար Բլինկենը Ալիեւի հետ հեռախոսազրույց ունեցել էր հունիսի 20-ին, որի ժամանակ ընդգծել էր Հայաստանի հետ անհապաղ խաղաղության համաձայնագիր կնքելու կարեւորությունը։ Նա նաեւ ընդգծել էր կողմերին այս հարցում Վաշինգտոնի աջակցության մասին։
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի հաղորդագրության մեջ էլ նշվում էր, որ ի պատասխան Բլինկենի պահանջների Ալիեւը նշել էր Հայաստանի սահմանադրության, օրենքների եւ ներքին նորմատիվ այլ ակտերի հիման վրա «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներին վերջ տալու կարեւորությունը»։