Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար Յուրի Սոդոլին պաշտոնից ազատելու եւ նրա փոխարեն բրիգադային գեներալ Անդրեյ Գնատովին նշանակելու որոշման մասին։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր տելեգրամյան ալիքում հրապարակված ուղերձում։
Զելենսկին նշել է, որ իր որոշումը հնչեցրել է գլխավոր հրամանատարի, գլխավոր շտաբի պետի եւ պաշտպանության նախարարի մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ։
«Մենք քննարկել ենք նաեւ Ուկրաինայի զինված ուժերում կադրային հարցեր։ Ես որոշել եմ Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յուրի Սոդոլին փոխարինել բրիգադային գեներալ Անդրեյ Գնատովով»,- ասել է նա։
Մինչ Զելենսկու նման հայտարարությունը,«Ազով» ազգային գվարդիայի բրիգադի շտաբի պետ Բոգդան Կրոտեւիչը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով հետաքննել գեներալ-լեյտենանտ Յուրի Սոդոլի գործունեությունը։
Նա Սադոլի անունը ուղիղ չէր հնչեցրել, սակայն ինչպես գրել է «Украинская правда»-ն՝ հղում կատարելով աղբյուրներին, խոսքն այս դեպքում գնացել է հնեց գեներալի մասին։
Կրոտեւիչը գեներալին մեղադրում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ զորքերի ոչ կոմպետենտ հրամանատարության մեջ, ինչը հանգեցրել է Ուկրաինայի տարածքի զգալի մասի կորստին, նշում է պարբերականը։ Բացի այս Կրոտեւիչը խնդրել է ստուգել գեներալի Ռուսաստանի հետ համագործակցության փաստը։