Եվրամիության երկրները վերջնականապես համաձայնության են եկել Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից 1,4 միլիարդ եվրոյի շահույթը Ուկրաինային փոխանցելու շուրջ, որը Կիեւը կստանա հուլիսին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելը Եվրամիության երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Բորելի խոսքերով, գումարը կուղղվի Կիեւին հակաօդային պաշտպանության, զինամթերքի եւ ուկրաինական արդյունաբերությանն աջակցելու համար: Նա նաեւ հավելել է, որ մինչեւ 2024 թվականի վերջ Ուկրաինան եւս մեկ միլիարդ եվրո շահույթ կստանա ռուսական սառեցված ակտիվներից։
Այս միջոցների Կիեւին փոխանցելու համար խոչնդոտներ ստեղծել է կրկին Հունգարիան։ Բորելի խոսքերով, Բուդապեշտի դիրքորոշման պատճառով ԵՄ արտգործնախարարները չկարողացան համաձայնության գալ յոթ իրավական ակտերի շուրջ, որոնք անհրաժեշտ էին Խաղաղության եվրոպական հիմնադրամից եւս վեց միլիարդ եվրո արգելափակումից հանելու համար, որը նույնպես պետք է ծախսվեր Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնության վրա:
Այնուամենայնիվ, երբ ռուսական սառեցված ակտիվներից եկամուտները Ուկրաինային փոխանցելու շուրջ որոշում կայացնելու ժամանակ, ԵՄ մյուս երկրները եկել էին այն եզրակացության, որ Հունգարիան վետոյի իրավունք չունի, քանի որ, ինչպես բացատրեց Բորելը, նա հրաժարվել էր այս սխեմայի հիմքում ընկած նախկին որոշումներից:
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն որպես պատասխան ԵՄ երկրներին մեղադրել է պատերազմ հրահրելու մեջ՝ հայտարարելով, որ ԵՄ-ն «հատել է կարմիր գիծը»։ Նա նաեւ հայտարարել է, որ Հունգարիան իրավական միջոցներ կփնտրի նման որոշումը վիճարկելու համար: