Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վրացական ընդդիմադիր վեց եվրոպամետ կուսակցություններ Բրյուսելում ստորագրել են «Միասնության հռչակագիր»։ Նրանք հայտարարում են իրենց հավատարմությունը «Վրացական խարտիա»-ին, որն ավելի վաղ առաջարկել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Կուսակցությունները մտադիր են հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններում հաղթանակի հասնել եւ կոալիցիոն կառավարություն կազմել։
Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ անհանգստացած են օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանքի» գործողություններով, ինչպես նաեւ մի կառավարության գործելակերպով, որը «հնազանդվում է օլիգարխին, անտեսում է ժողովրդավարության հիմնական արժեքները եւ միտումնավոր խոչընդոտում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին միանալու Վրաստանի ձգտումներին»:
«Միասնության հռչակագրում» չի նշվում, թե արդյո՞ք բոլոր կուսակցությունները միասնական ցուցակով կմասնակցեն ընտրություններին։ Նրանք խոստանում են ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 8-ը «գտնել միասնության ամենաարդյունավետ կոնֆիգուրացիան, որը առավելագույն արդյունքներ կբերի ընտրություններում»։
Կողմերը պարտավորվել են ընտրություններից հետո չմասնակցել այնպիսի կառավարության հաստատմանը, որին կմասնակցի նաեւ «Վրացական երազանքը»։ Խորհրդարանական ընտրություններից հետո նրանք կսատարեն նախագահի միասնական թեկնածուին։
Փաստաթուղթը ստորագրել են «Միացյալ ազգային շարժում», «Գիրչի — ավելի շատ ազատություն», «Լելո», «Ախալի», «Դրոա» եւ «Ագմաշենեբելի ռազմավարությու» կուսակցությունները: Նրանք նաեւ ընդդիմադիր մյուս ուժերին են առաջարկում միանալ փաստաթղթին։
Նշենք, որ Վրաստանի խարտիան, որն առաջարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ստորագրել են ավելի քան 15 ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ եւ ընդդիմադիր պատգամավորներ։ Փաստաթուղթը նախատեսում է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ժամանակավոր կառավարության ստեղծում, համապարփակ բարեփոխումների իրականացում, ներառյալ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի չեղարկումը, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում «ազատ եւ արդար պայմաններում»։ Խարտիայի միանալը կուսակցությանը չի պարտավորեցնում ընտրությունների գնալ մեկ ցուցակով։