ԱՄՆ նախկին նախագահ եւ առաջիկա նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին իր երկու առանցքային խորհրդականները ներկայացրել են Ուկրաինաում ընթացող պատերազմը դադարեցնելու ծրագիր, որը գործնական հիմքերի վրա կարող է դրվել ընտրություններում հաղթելու դեպքում։
Ինչպես գրում է Reuters-ը ծրագրի կետերից մեկի համաձայն Սպիտակ տունը Կիեւին նախազգուշացում կուղղի առ այն, որ Ուկրաինան կշարունակի ստանալ ԱՄՆ ռազմական օգնությունը միայն այն դեպքում, եթե խաղաղության բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ։
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն նախազգուշացում կուղղի նաեւ Մոսկվային, որ Կիեւի հետ բանակցություններից ցանկացած հրաժարում կհանգեցնի Ուկրաինային ամերիկյան ռազմական աջակցության ավելացմանը, գործակալությանը տված հարցազրույցում ասել է Թրամփի ազգային անվտանգության խորհրդականներից մեկը՝ պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Քիթ Քելոգը։
Դոնալդ Թրամփի պաշտոնավարման տարներին՝ 2017-ից 2021 թվականներին ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը ղեկավարած գեներալ Քելոգի եւ Ֆրեդ Ֆլեյցի մշակված պլանի համաձայն, ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում կարեւոր կլինի Ռուսաստանին եւ Ուկրաինային արագ բանակցությունների սեղանի շուրջ բերելը եւ հաստատված ռազմաճակատի գծի հիման վրա զինադադարի կնքումը:
Թրամփին արդեն ներկայացվել է ծրագիրը, որի շուրջ, Ֆլեյցի խոսքերով, նախկին նախագահը դրական է արձագանքել։ «Ես չեմ ասում, որ նա համաձայն էր դրա կամ դրանում առկա յուրաքանչյուր տողի հետ, բայց մենք ուրախ էինք, որ նման արձագանք ստացանք»,-ասել է նա։
Սակայն Թրամփի խոսնակ Սթիվեն Չունգն ընդգծել է, որ պաշտոնական կարող են համարվել միայն Թրամփի կամ նրա նախընտրական արշավի լիազորված անդամների հայտարարությունները։
Նման առաջարկը կնշանակի կտրուկ փոփոխություն ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ Ուկրաինային աջակցելու հարցում եւ կհանդիպի ինչպես Կիեւի եվրոպացի դաշնակիցների, այնպես էլ Հանրապետական կուսակցության շրջանակներում Ուկրաինային շարունակվող ռազմական օգնության կողմնակիցների հակազդեցությանը, նշում է Reuters-ը։
Նախագահի հանրապետական թեկնածուն բազմիցս է հայտարարել, որ նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում 24 ժամում կավարտի Ուկրաինայի պատերազմը, սակայն թե ինչպես է պատրաստվում դա անել, դեռեւս որեւէ մանրամս չի ներկայացրել։