Այսօր Լյուքսեմբուրգում կկայանա Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ միջկառավարական համաժողովը, որին պաշտոնապես կհայտարարվի ԵՄ-ին Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։
«Այսօր ԵՄ-ն սկսում է Ուկրաինայի եւ Մոլդովայի անդամակցության բանակցությունները։ Մենք այս երկու երկրների համար առանցքային պահի շեմին ենք։ Միասին մենք կարող ենք ստեղծել ավելի մեծ եւ խոստումնալից Եվրոպա: Առջեւում սպասվող ուղին հեշտ չի լինի, բայց լի կլինի հսկայական հնարավորություններով»,- ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Եվրամիությունը հաստատել էր Ուկրաինայի եւ Մոլդովայի բանակցային շրջանակը՝ ճանապարհ հարթելով անդամակցության բանակցությունների մեկնարկի համար։
«Սրանք իսկապես պատմական բաներ են։ Ուկրաինան միացյալ Եվրոպայի մաս է եւ միշտ կմնա այդպիսին», — ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ելույթում՝ հավելելով, որ «շատերը դրա համար պայքարել են տարբեր մակարդակներում»։
Ապրիլի վերջին Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան կատարել է անդամակցության բանակցությունները սկսելու համար սահմանված բոլոր նախապայմանները։ Հունիսի սկզբին դա հաստատեց Եվրահանձնաժողովը, սակայն ԵՄ դեսպանների հանդիպմանը Հունգարիայի առարկությունների պատճառով բանակցություններ սկսելու վերաբերյալ առաջարկությունը չէր եւնդունվել։
Բուդապեշտը հայտարարել էր, որ Կիեւը բավարար չի արել Ուկրաինայում հունգարական փոքրամասնության իրավունքները պաշտպանելու համար: Այս խնդիրը լուծվեց շրջանակային համաձայնագրում ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ փոխզիջումային ձեւակերպման միջոցով։ Կիեւը պարտավորվել էր նաեւ Եվրահանձնաժողովին պարբերաբար զեկուցել Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում բարեփոխումների առաջընթացի մասին։
Լրատվամիջոցները ավելի վաղ գրել էին նաեւ, որ Կիեւի եւ Բրյուսելի համար կարեւոր է պաշտոնապես սկսել բանակցային գործընթացը մինչեւ հուլիսի 1-ը, երբ ԵՄ Խորհրդի նախագահությունը Բելգիայից կանցնի Հունգարիային, ինչի պատճառով դժվարություններ կարող են առաջանալ Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին։