ԵՄ երկրենրի ղեկավարներն ու Եվրախորհրդարանի խոշորագույն կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնություն են ձեռք բերել Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածության առաջադրման շուրջ: Այս մասին հայտնում են գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը եւ dpa-ն, ինչպես նաեւ Politico-ն՝ վկայակոչելով Եվրամիության ուժային կառույցների աղբյուրները։
2019 թվականից ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ջոզեպ Բորելին կփոխարինի Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։
Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում էլ համաձայնեցվել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստայի թեկնածությունը։ Նա այս պաշտոնում կփոխարինի Շարլ Միշելին։
ԵՄ ղեկավար պաշտոնների թեկնածուների նշանակման քննարկմանը մասնակցել են Հունաստանի, Լեհաստանի, Իսպանիայի եւ Նիդեռլանդների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ Ֆրանսիայի նախագահն ու Գերմանիայի կանցլերը, գրում է Politico-ն։
Հունիսի 27-ին ֆոն դեր Լեյենի, Կալլասի եւ Կոստայի թեկնածությունները կներկայացվեն ԵՄ անդամ բոլոր երկրների ղեկավարների քննարկմանը, ովքեր Բրյուսելում կհավաքվեն կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու համար։