ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը երեքշաբթի իր առաջին հեռախոսազրույցն է ունեցել վերջերս նշանակված Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ, հայտնում են երկու երկրների ռազմական գերատեսչությունները։
«Սա նախարար Օսթինի առաջին հեռախոսազրույցն էր նախարար Բելոուսովի հետ, եւ նա ընդգծել է հաղորդակցության գծի պահպանման կարեւորությունը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի պայմաններում»,-ասվում է Պենտագոնի խոսնակ Պետր Ռայդերի հայտարարության մեջ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Բելոուսովի եւ Օսթինի միջեւ։ Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ նախարարները «կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»։
«Ա.Բելոուսովը մատնանշել է իրավիճակի հետագա սրման վտանգը՝ կապված Ուկրաինայի զինված ուժերին ամերիկյան զենքի շարունակական մատակարարման հետ։ Քննարկվել են նաեւ այլ հարցեր»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։