«Վայլդբերիզ» օնլայն-խանութում ապրանքի գները թանկացել են։ Վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիներից շատերն էին գնումներ կատարում այս հարթակից, բայց այժմ շատերը գնումներ են կատարում նաեւ «Օզոն»-ից, քանի որ որոշ ապրանքներ այս հարթակում ավելի մատչելի են, քան «Վայլդբերիզ»-ում։ Օրինակ՝ ֆրանսիական «Լա-Ռոշ Պոզե» ապրանքանիշի արեւապաշտպան նույն քսուքը «Օզոն» օնլայն խանութից կարելի է գնել 6796 դրամով, իսկ «Վայլդբերիզ»-ում այն անհամեմատ ավելի թանկ արժե՝ ավելի քան 16720 դրամ։
Հայաստանի դեղատների ցանցերից մեկում, օրինակ, այս քսուքն արժե 12100 դրամ, Հունաստանից առցանց կարելի է գնել 14,4 եվրոով, որը համարժեք է 5900 դրամին։
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում առցանց առեւտուր իրականացնող «Վայլդբերիզ» ընկերությունը 2023 թվականի վերջին եռամսյակի արդյունքով 6-րդ տեղն էր զբաղեցնում, իսկ 2024 թվականի առաջին եռամսյակի արդյունքով՝ 10-րդ։ Այս փաստը եւս ցույց է տալիս, որ «Վայլդբերիզ»-ից գնումներ անողների թիվը որոշակիորեն նվազել է։ Հատկապես 2024 թվականին ավելացել է եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից գնումներ անողների թիվը։ Բեռնափոխադրումը հիմնականում կատարում են «Օնեքս» եւ «Գլոբբինգ» ընկերությունները։ «Օնեքս»-ն արդեն խոշոր հարկատուներից է․ 2024 թվականի առաջին եռամսյակի հազար խոշոր հարկ վճարողների ցանկում այս ընկերությունը 800-րդն է:
Շատերի համար «Վայլդբերիզ»-ից գնումներ անելն ավելի հեշտ է, քանի որ անձնական էջ ունենալով՝ նույն եղանակով կարելի է տարբեր ապրանքներ գնել․ պատվիրման գործընթացը բարդ չէ։ Իսկ ահա արտասահմանյան այլ առցանց խանութներից գնումների համար անհրաժեշտ է գրանցվել, անձնական էջ ունենալ «Գլոբբինգ»-ում կամ «Օնեքս»-ում (որոշ դեպքերում գնորդները օգտվում են նաեւ փոստային առաքման ծառայությունից), ապա գրանցվել եւ տվյալները լրացնել այն առցանց խանութի կայք-էջում, որտեղից պետք է գնել տվյալ ապրանքը։ Բեռի փոխադրման համար վճարը գանձելիս հաշվի են առնվում դրա քաշն ու չափը։ Նրանք, ովքեր չեն կարողանում գնումներ անել այս առցանց խանութներից, օգտվում են «Գլոբբինգ»-ի (ծառայությունն արժե նվազագույնը՝ 2500 դրամ) եւ «Օնեքս»-ի (ծառայությունն արժե նվազագույնը 2000 դրամ) առաջակած «Գնի՛ր իմ փոխարեն» ծառայությունից։
Աննա Խաչատրյանը եվրոպական երկրների կամ ԱՄՆ-ի բրենդային խանութներից մատչելի ու որակյալ ապրանքներ հաճախ է գնում։ Դրանք Հայաստանում 2-3 անգամ ավելի թանկ են։ Աննան հագուստն ու կոշիկը հիմնականում հե՛նց առցանց խանութներից է պատվիրում։ Այդպես ավելի քիչ գումար ու ժամանակ է ծախսում։ Նա «Գլոբբինգ»-ի բեռնափոխադրման ծառայություններից է օգտվում։ Առաքման ժամկետի հետ կապված՝ խնդիրներ չեն եղել, իսկ ծանրոցի քաշի համար գումարը երբեմն չափից ավելի են գանձում։
«Վերջերս երկու զգեստ էի պատվիրել, եւ դրանց քաշի արժեքը հաշվարկել էին ավելի քան կես կիլոգրամի գնով, մինչդեռ կես կիլոգրամի չէր հասնում։ Նման դեպքեր շատ են եղել, բայց չեմ բողոքարկել, քանի որ ժամանակ չունեմ ու չեմ ուզում քաշքշուկի մեջ ընկնել»,- պատմում է Աննան։
Ընկերուհիներն ու ազգականները Աննային երբեմն խնդրում են իրենց համար էլ ապրանքներ պատվիրել, քանի որ իրենք դժվարանում են։
Ամալյա Զոհրաբյանը նախկինում հիմնականում «Վայլդբերիզ»-ից էր գնումներ անում, հիմա՝ եվրոպական առցանց խանութներն է նախընտրում։ Սկզբում դժվար էր, բայց հիմա արդեն սովորել է։ Կարողանում է արագորեն գրանցվել տարբեր խանութներում։
«Եթե ապրանքը շատ ծանր է, պետք է հաշվել ու հասկանալ՝ արդյո՞ք արժե այն պատվիրել։ Հագուստի պարագայում նման խնդիր չի առաջանում․ անվարան կարելի է պատվիրել, քանի որ քաշը թեթեւ է, գինը՝ մատչելի։ «Գնի՛ր իմ փոխարեն» ծառայությունից ոչ մի անգամ չեմ օգտվել, քանի որ չեմ ցանկացել ավելորդ գումար ծախսել։ Յութուբյան հոլովակներ նայելով՝ սովորեցի՝ ինչպես կարելի է պատվիրել ու մի քանի փորձից հետո կարողացա գնումներ անել»,- մանրամասնում է Ամալյան։
Գոհար Հովհաննիսյանը փորձել է արտասահմանյան առցանց խանութներից գնումներ անել, բայց չի կարողացել․ տեխնիկապես դժվար էր։ Հատկապես Հունաստանի օնլայն խանութներն են մատչելի․ բեռնափոխադրման մեկ կիլոգրամի արժեքն էլ մոտ 3000 դրամ է, բայց հունական ոչ բոլոր կայքերն են երկլեզու։ Նման դեպքերում անհրաժեշտ է օգտվել թարգմանող ծրագրերից։
«Ընկերուհիս օգտվում է հունական, իտալական, երբեմն էլ ամերիկյան առցանց խանութներից։ Մի քանի անգամ խնդրել եմ, որ ինձ համար կոսմետիկ միջոցներ պատվիրի։ Առաջիկայում նրան կխնդրեմ՝ ինձ էլ սովորեցնի»,- ասում է Գոհարը։
Քրիստինա Միրզոյանը վերջերս շատ է գնումներ անում առցանց խանութներից։ Հիմնականում հունական ու չինական առցանց խանութներից է օգտվում․ եթե դրանք անգլերեն տարբերակներ չունեն, «Գուգլ թարգմանիչ» ծրագրի օգնությամբ արագորեն թարգմանելով՝ գնումներ է անում, թեեւ աշխատում է օգտվել այն կայքերից, որոնք նաեւ անգլերեն տարբերակ ունեն։ Քրիստինան հազվադեպ է Հայաստանից հագուստ գնում։ Վստահեցնում է՝ այդ նույն գումարը ծախսելով՝ կարելի է արտերկրից բրենդային, որակյալ ապրանք պատվիրել։ Իսկ կոսմետիկան վաղուց այստեղից չի գնում․ Հայաստանում այն շատ թանկ արժե։
«Սկզբում պատվիրելը փոքր-ինչ դժվար է թվում, բայց երբ վարժվում ես, հեշտանում է։ Ես չէի կարողանա ինձ թույլ տալ այստեղի բրենդային խանութներից հագուստ գնել, քանի որ վաստակածս չէր բավականացնի։ Իսկ առցանց պատվիրելիս հաճախ եմ բրենդային իրեր ընտրում՝ հարմար գնելով։ Հաճախ զեղչեր են լինում․ տարբեր կայքեր եմ մուտք գործում, գները համեմատում, ապա պատվիրում։ Այսպես ահագին գումար եմ խնայում»,- եզրափակում է Քրիստինան։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։