Լրագրողների հետ զրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Երեւանը ստացել է խաղաղության պայմանագրի Բաքվի հերթական առաջարկը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանը արձագանքել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին Գրիգորյանը նշել է․ «Մեր ուղարկած 9-րդ տարբերակին արձագանք եղել է, նրանք ուղարկել են 10-րդ տարբերակը։ Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։
Հարցին՝ թե կարելի է ասել, որ կողմերը ավելի են մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը, Գրիգորյանը պատասխանեց, որ բանակցություններում հայտնի մոտեցում կա՝ մինչեւ ամեն ինչ համաձայնեցված չէ՝ դեռ ոչինչ համաձայնեցված չէ։
«Կդժվարանամ այս հարցին պատասխանել, որովհետեւ գործընթացը դինամիկ է եւ երբեմն ունենում ենք առաջընթացներ, երբեմն չենք ունենում։ Կշարունակենք աշխատել այն նպատակով, որ հնարավորինս արագացնենք գործընթացը։ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել այդ պայմանագիրը, վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսում ստորագրել»,-եզրափակել է Գրիգորյանը։