Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը AZERTAC եւ AzTV լրատվականներին տված հարցազրույցի ընթացքում որոշ մանրամասներ է պատմել 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի եւ 2023 թվականի Արցախի դեմ իրականացրած հարձակողական գործողությունների մասին։
Հասանովը մասնավորապես հաստատել է դեռ 44 օրյա պատերազմի ավարտից հետո շրջանռված այն տեղեկությունները, որ պատերազմի ընթացքում Աղդամի շրջանում ադրբեջանական բանկին հաջողվել էր շրջափակման մեջ վերցնել հայկական ռազմական մեծաքանակ կազմավորում։
«Հայրենական պատերազմի (այսպես են Ադրբեջանում անվանում 44-օրյա պատերազմը) ընթացքում Ադրբեջանի հաջող գործողություններից մեկը եղել է Աղդամի ուղղությամբ։ Շրջափակման մեջ հայտնվել է հայկական զինված ուժերի մի մեծ կազմավորում՝ մեր հաշվարկներով՝ մոտ 15-18 հազար անձնակազմով։ Այս գործողությունն ավարտին հասցնելու համար պաշարված ռազմական կազմավորումների շուրջ մենք հավաքեցինք մեր հրանոթներն ու հրթիռային համակարգերը եւ սկսեցինք դրանք չեզոքացնելու գործողություններ իրականացնել»,-պատմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւ հավելել, որ հենց այս իրադարձությունն է եղել այն առանցքային պատճառներից մեկը, որը Հայաստանի ղեկավարությանը ստիպել է ստորագրել 44 օրյա պատերազմը ավարտող նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի համար միջնորդել էր Ռուսաստանը։
Բացի այս Հասանովը նաեւ պատմել է թե ինչպես է ընթացել Արցախի դեմ 2023-ի սեպտեմբերի 19-20-ը ընթացած ռազմական գործողությունները։ Նրա խոսքերով ադրբեջանական բանակը կարողացել է թիրախներին հարվածել 90% ճգրտությամբ եւ իբր խուսափել քաղաքացիական ենթակառուցվածքների ու բնակելի գոտիների ավերածություններից։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստի ընթացքում նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայանագիրը ստորագրելու պատճառների թվում եւս նշել էր Արցախի արեւելյան հատվածում հայկական մեծաքանակ ուժերի շրջափակման մեջ հայտնվելու հնարավորության փաստը։
«Շուշիի կորստից հետո, ըստ էության, հարվածի տակ էր հայտնվելու Ստեփանակերտը, անխուսափելիորեն պիտի ուժեղանար ճնշումը Մարտունու վրա, հայկական զինված ուժերի շուրջ 25 հազար զինվոր կհայտնվեր շրջափակման մեջ ընկնելու վտանգի տակ»,-մասնավորապես նշել էր Փաշինյանը: