Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն այսօր հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին՝ Պաղեստինը ճանաչելու համար։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Լրատվականի փոխանցմամբ Աբբասը նշել է, որ Հայաստանի կողմից Պաղեստին Պետության ճանաչումն արտահայտում է երկրի արժեքները եւ մարդու իրավունքների հանդեպ հավատի ու արդարության հասնելու նրա ղեկավարության նվիրվածությունը։
«Ձեր իմաստուն որոշումը, որը համահունչ է միջազգային իրավունքին, միջազգային լեգիտիմությանը եւ ՄԱԿ-ի բանաձեւերին, քայլ առաջ է 1967 թվականի սահմաններում իր հողի նկատմամբ պաղեստինյան ժողովրդի իրավունքի ճանաչման, իսրայելական օկուպացիայի դադարեցման անհրաժեշտության, ինքնորոշման, ինքնիշխանության եւ անկախության հարցում, որը նաեւ նրանց արժանապատվությունը, մարդասիրությունն ու ազատությունը հարգելու անխուսափելիությունն է, ինչպես դա աշխարհի մյուս ժողովուրդների հանդեպ է»,- Աբբասի խոսքերը մեջբերում է WAFA գործակալությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը Պաղեստինը ճանաչելու մասին հայտարարել էր հունիսի 21-ին։