Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն եւ Զարգացում կուսակցության» հետ հանդիպման ժամանակ երկրի խորհրդարանում անդրադարձել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը եւ նշել, որ Անկարան ուրախ է նման որոշման համար։
«Մենք բարձրաձայնեցինք Գազայի ճնշումների մասին Իսպանիա եւ Իտալիա կատարած այցերի ժամանակ։ Մենք հայտարարել ենք, որ քանի դեռ կոտորածը շարունակվում է, աշխարհի ոչ մի հատված ապահով չի լինի։ Ընդգծեցինք, որ ամենաարդյունավետ պատասխանը Պաղեստին պետության ճանաչումն է։ Մենք ուրախ ենք, որ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը ճանաչել է Պաղեստինը։ Դեպի ճանաչում կատարած 149 քայլերը (ի նկատի ունի 149 երկրների կողմից ճանաչումը) մեծ նշանակություն ունեն»,- Hurriyet-փոխանցմամբ ասել է Էրդողանը։
Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիան կանգնած է «եղբայրական Լիբանանի ժողովրդի կողքին» եւ հորդորել տարածաշրջանի մյուս երկրներին աջակցել Բեյրութին։
Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարությունը Պաղեստինի անկախության ճանաչման մասին հայտարարել էր հունիսի 21-ին։
Թուրքիայի արտգործնախարարությունը նույն օրը հատուկ հայտարարությամբ ողջունել էր Հայաստանի որոշումը։