Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նվաստացրել է իր ժողովրդին՝ Ռուսաստանին մեղադրելով Լեռնային Ղարաբաղի կորստի համար։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես կարծում եմ, որ կան բաներ, որոնք առանց բժշկական կրթության ուղղակի անհնար է մեկնաբանել։ Գիտեք, ես այս ոլորտում, այսպես ասած, որեւէ հմտություններ կիրառելու հնարավորություն չունեմ, բայց այլ կերպ մոտենալ հնարավոր չէ: Բայց գլխավորն այլ է, գլխավորն այն է, որ այս կերպ, լինելով իշխանության ներկայացուցիչներ, նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին»,-ասել է Զախարովան՝ պատասխանելով Գրիգորյանի այսօրվա հայտարարությունը մեկնաբանելու լրագրողի խնդրանքին։
«Ո՞վ է այդ մարդկանց իրավունք տվել, ժամանակավոր աշխատողներին, ակնհայտորեն դրսից սնվողներին, այսպես վիրավորել սեփական ժողովրդին»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանն է հայ ժողովրդի ձեռքի վերցրել Լեռնային Ղարաբաղը եւ փոխանցել Ադրբեջանին։