Ֆրանսիայի գործողությունները հանգեցնում են ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի, այլ հակամարտության սրման նոր փուլի, այն վատ խորհրդատու է տարածաշրջանի երկրների համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարծում եմ, որ հիմա նրանք, ովքեր առաջարկներ են նետում տարածաշրջան, ինչպես անում է Փարիզը, եւ անում են այնպիսի գործողություններ, ինչպիսին Փարիզն է անում, հենց վատ խորհրդատուներ են, որոնք տանում են դեպի աղետ: Մենք անկեղծ հռետորաբանություն ենք լսում ոչ թե խաղաղ կարգավորման վրա կենտրոնանալու, այլ հենց կոնֆլիկտի ներուժը նորովի հրահրելու տեսանկյունից, եւ այս ամենը ասում են ֆրանսիացի պաշտոնյաները»,-ասել է Զախարովան։
Զախարովայի խոսքով Հարավային Կովկասի գործերի մեջ ներթափանցելու փորձը եւ վերջնական արդյունքի համար պատասխանատվություն կրելուց ամբողջությամբ հրաժարվելը Փարիզի պաշտոնական քաղաքականության մի մասն է։