Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն կոչ է արել երկրի բնակիչներին ընդդիմանալ հեղաշրջման փորձին, երբ տեղեկություններ սկսեցին տարածվել, որ զինվորականները փորձել են գրոհով վերցնել մայրաքաղաք Լա Պասի կենտրոնում գտնվող Ժողովրդի մեծ տունը, որտեղ տեղակայված է նախագահական նստավայրը։ Փորձն անհաջող է ավարտվել, զինվորայանները հարկադրված են եղել հետ քաշվել։
«Անհրաժեշտ է, որպեսզի հանուն ժողովրդավարության Բոլիվիայի ժողովուրդը կազմակերպվի եւ մոբիլիզացվի պետական հեղաշրջման փորձի դեմ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հեղաշրջման փորձերը կրկին խլեն բոլիվացիների կյանքը»,-ասել է նախագահ Արսեն՝ ժողովրդին ուղված իր կոչում։
Հունիսի 26-ի երեկոյան զորքերը փակել էին Լա Պասի Մուրիլլո հրապարակ տանող փողոցները, որտեղ տեղակայված են կառավարական շենքերը։
Բոլիվիայի բանակի գեներալ Խուան Խոսե Սունիգան, ով գլխավորել է հարձակումը, հայտարարել էր, որ զինվորականների նպատակն է երկրում վերականգնել ժողովրդավարությունը, ինչպես նաեւ բանտերից ազատել քաղբանտարկյալներին։
«Զինված ուժերը մտադիր են վերականգնել ժողովրդավարությունը, այն դարձնել իրական ժողովրդավարություն, այլ ոչ թե այնպիսին, որը 30-40 տարի ղեկավարում են նույն մի քանի մարդիք»,-ասել է գեներալը նախագահական նստավայրի դիմաց՝ զինվորականների եւ ութ տանկերով շրջապատված։
Ավելի ուշ նախագահը հայտնեց, որ բանակի նոր գլխավոր հրամանատար է նշանակել Խոսե Վիլսոն Սանչեսին ով հրամայել է զինվորականներին հետ քաշվել զբաղեցրած դիրքերից ու վերադառնալ մշտական տեղակայման վայրեր։
Այս հայտարարությունից հետո զինվորականներն իսկապես սկսել էին լքել Մուրիլո հրապարակը։
Բոլիվիայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Սունիգայի եւ հարձակման այլ մասնակիցների գործողությունների վերաբերյալ։ Գեներալը բերման է ենթարկվել։
Խոսակցություններն այն մասին, որ Խուան Խոսե Սունիգան պաշտոնանկության եզրին է, սկսել էին շրջանառվել դեռ երեքշաբթի օրը, գրում է AFP-ն։
Հունիսի 25-ին գեներալը հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ կձերբակալի նախկին նախագահ Էվո Մորալեսին, եթե նա նորից առաջադրվի 2025 թվականի ընտրություններում:
Նշենք, որ Մորալեսը իշխանությունից հեռացել էր ենթադրյալ ընտրակեղծիքների պատճառով բողոքի ակցիաների ֆոնին: Նա այդ ժամանակ պատրաստվել էր ստանձնել իր չորրորդ պաշտոնավարման շրջանը։
Մեկնաբանելով զինվորականների գործողությունները՝ Մորալեսը X-ի էջում գրել էր, որ «հեղաշրջում է հասունանում» եւ կողմնակիցներին կրկին կոչ էր արել «մոբիլիզացվել՝ ի պաշտպանություն ժողովրդավարության»։
Վերջին տարիներին Բոլիվիան քաղաքական անկայունության մի քանի շրջան է ապրել։ Չիլիի, Էկվադորի, Պերուի, Մեքսիկայի, Կոլումբիայի, Վենեսուելայի եւ Բրազիլիայի ղեկավարները դատապարտել են զինվորականների գործողությունները։